Կան պնդումներ, որ Երևանի կենդանաբանական այգում պոնիներին մորթում են, տալիս գիշատիչներին. այգուց արձագանքել են

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել Երևանի կենդանաբանական այգու որոշ աշխատակիցներ՝ հայտնելով, թե «այգում կերի պակասի պատճառով կենդանիներին սպանում են և կերակրում գիշատիչներին»: Մասնավորապես, նրանց խոսքով, «օրերս պոնիների մորթ է իրականացվել»:

Քաղաքացիների հայտարարությունների հետ կապված կապ հաստատեցինք Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ: Տնօրենի պարտականությունները կատարող Աշոտ Ասլանյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց լուրերը՝ նշելով, որ այգում կենդանիների կերի հետ կապված որևէ խնդիր չունեն. «Խնդիր չունենք այդ մասով։ Ամեն շաբաթ գիշատիչ կենդանիների համար 1200 կգ միս ենք ստանում»:

Հարցին՝ իսկ վերջին շրջանում կենդանիների անկման դեպքեր գրանցվե՞լ են, վերջինս ասաց, որ ամբողջ աշխարհում է գործում պրակտիկա, երբ կենդանիներն անկում են, կամ էլ՝ վնասվածք ստանում, որը ենթակա չէ վերականգման:

«Վնասվածքները երբեմն լինում են զույգավորման շրջանում արուների կռիվների ընթացքում: Այս տարի կենդանաբանական այգին ունեցել է երեք ծեր կապիկի անկում, երկու պոնիի և մեկ եղջերուի»,- ասաց նա՝ հավելելով, որ պոնիների մոտ առկա է եղել վնասվածք, որի վերականգնումը հնարավոր չի եղել, և կենդանիները քնեցվել են։ Իսկ եղջերուի վնասվածքը եղել է դեռ անցած տարվանից, և կենդանին ինքնուրույն է անկել։

Ասլանյանի խոսքով՝ անկած կենդանիների մսամթերքը, ըստ կանոնակարգի, ուղարկվել է ՍԱՏՄ ստուգման, պատասխանը եղել է, որ միսը որևէ մանրէ հիվանդածին չի պարունակում և կարելի է օգտագործել. «Ուղարկել ենք խոհանոց և օգտագործել մնացած կենդանիների կերակրման համար։ Դա ընդունված կարգ է, և արտառոց բան չկա»:

Հարցին՝ իսկ հիվանդությունների հետևանքով արդյոք եղե՞լ են կենդանիների անկման դեպքեր, պաշտոնակատարը նշեց. «Անցած տարի այգին կենդանիների հիվանդություններից անկման 4 դեպք է ունեցել, անկալոգիայի և սարկումայի հետևանքով, մի դեպք էլ եղել է ծերության ֆոնին հաստատված երիկամների անբավարարվածության պատճառով»:

Աշոտ Ասլանյանի հավաստմամբ՝ այգին այս պահին որևէ լուրջ խնդիր չունի, իսկ այն խնդիրները, որոնք առկա են, լուծելի են։

«Առկա խնդիրներից մեկը, օրինակ, նոր կենդանիներով համալրելու հարցն է, սակայն մեծ հույսեր ունենք, որ կկկարողանանք այգին համալրել, արդեն պայմանավորվածություններ կան: Կան նաև որոշակի խնդիրներ շինությունների վերանորոգման հետ կապված»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով այգին նոր կենդանիներով համալրելու իր հիշատակած պայմանավորվածություններին՝ վերջինս ասաց, որ մայիսին սպասվում է աֆրիկյան ցեղատեսակի այծյամների համալրում. «Պայմանավորվածություն կա նաև բորենիանման շների մասով։ Արդեն կան նաև նոր թռչուններ, թութակների մի քանի տեսակներ, որոնք այգում առանձին կցուցադրվեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ