Թռիչքն իսկական հրաշք էր. որոշ տգետներ մեզ համոզում էին, թե հակառակորդը խփելու է օդանավակայանին. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իսկական հրաշք է համարում Երևանից Կապան ինքնաթիռի թռիչքը:

«Տուրիզմի գրավչության, լոգիստիկայի կազմակերպման, ռազմական ավիացիայի ապահովման, մատակարարման տեսանկյուններից շատ կարևոր երևույթ է, որը պետք է խթանել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի, քանի որ, ըստ նրա, դա օդային մշակույթ է, և այդ մշակույթը կրող պետությունները չափազանց մեծ ձեռքբերումներ են ունենում:

«Վերջին երկու-երեք տարին տեղաշարժ կա փոքր ավիացիայի զարգացման առումով: Ես ինքս այդ թեմայի մեջ եմ, երազում եմ դառնալ սիրողական օդաչու, արդեն նաև թռիչքներ եմ արել այդ օդանավերով, բայց այս պահին տեխնիկական պատճառներով ընդհատվել է պրոցեսը: Ցավոք, մեզ մոտ տգիտության պատճառով սխալ երանգ է ստացել, և մենք չենք կարողանում այդ սխալն ուղղել»,- նշում է նա:

Մասնավորեցնելով, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով՝ «տգիտության հետևանք»՝ զրուցակիցը մանրամասնում է. «Տարիներ շարունակ որոշ «տգետներ» մեզ համոզել են, թե Հայաստանը փոքր է, չունի խորություն, հետևաբար, ինչ օդանավակայան էլ կառուցենք, հակառակորդը կարող է ոչնչացնել:

«Նույն փաստարկներով դեմ հանդս եկան «Սու-30»-նների ձեռքբերման ժամանակ, նույն փաստարկներով տարիներ շարունակ չեն զարգացրել այսօրվա թռիչք կատարած ինքնաթիռների ոլորտը: Դա վերին աստիճանի անգրագիտություն է, որովհետև ՀՀ տարածքի փոքրությունը սկզբունքորեն կարող է ենթադրել, որ Հայաստանում ոչ մի ռազմավարական օբյեկտ չի կարելի կառուցել, քանի որ բոլորը կարող են խոցվել: Նույն տրամաբանությամբ Հայաստանում ոչ մի ֆուտբոլային մարզադաշտ, մեծ պահեստ, սուպերմարկետ չի կարելի կառուցել. բա որ հակառակորդը թիրախավորի՞ սուպերմարկետը, և 5000 մարդ միանգամից մահանա: Սա փակուղային տրամաբանություն է: Եվ այսպես էլ շատ ու շատ ղեկավարների համոզել են, թե «Սու-30»-նների ձեռքբերումն անիմաստ ծախս է»,- ասում է Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ խոսելով ռիսկերի մասին՝ ռազմական փորձագետը շեշտում է՝ ռիսկեր միշտ էլ կան, ՀՀ-ի ցանկացած օդանավակայան ունի իր վտանգները: Ըստ նրա՝ Կապանի օդանավակայանն էլ, եթե թշնամին որոշի խոցել, կխոցի, ոչ ոքի համար դա նորություն չէ:

«Նույն սկզբունքով Կապանի ցանկացած բարձրահարկ շենք «սխալ» երևույթ է. հակառակորդը կարող է խոցել, ի՞նչ անենք, Կապանում բոլոր շենքերը ստորգետնյա՞ սարքենք: Տրամաբանություն չկա դրա մեջ: Հայաստանը պետք զարգացնի բոլոր հնարավոր ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով իր տարածքի փոքր խորությունը, առանձնահատկությունը»,- կարծում է նա:

Հովհաննիսյանն ասում է, որ հաճախ Շվեդիայի օրինակն է բերում, որտեղ Սառը պատերազմի ժամանակներից սկսած՝ ճանապարհաշինությունը զարգանում էր այնպիսի սկզբունքով, որ գոյություն ունեցող 10 կիլոմետրանոց ցանկացած մայրուղու որևէ մի հատված ծառայում էր որպես օդանավակայան. «Բայց քանի որ մեզ մոտ կան «խելացի» մարդիկ, որոնք 2019-20 թվականների փայլուն որոշումը՝ «ՍՈՒ 30»-նների ձեռք բերման մասով, ոչ միայն քննադատեցին, այլ կարողացան նույնիսկ շատերին համոզել, թե դա սխալ որոշում էր: Ո՛չ, դա մեր զինված ուժերի պատմության մեջ ամենաճիշտ զենք-զինամթերքի ձեռքբերման որոշումն է եղել, անգամ՝ ուշացած: Եթե ձեռք բերեին տասը տարի առաջ, լրիվ այլ պատկեր կունենայինք»:

Ըստ զրուցակցի՝ փոքր քաղաքացիական ավիացիայի զարգացումը Հայաստանի համար նաև ունի ռազմավարական նշանակություն:

«Փոքր ավիացիան իր հետ բերում է օդանավակայանային ենթակառուցվածքների մեծ զարգացման, որը նպաստում է ռազմական ավիացիայի զարգացմանը. դրանք փոխկապակցված երևույթներ են: Նույն թռիչքուղիները, որոնք օգտագործում են ինքնաթիռները, պատերազմի ժամանակ կարող են օգտագործել ռազմական ինքնաթիռները»,- ասում է նա:

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում բարեհաջող վայրէջք էր կատարել և Երևան վերադարձել L-410–UVP E20 օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Այն, հիրավի, պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չէին իրականացվել, բացառությամբ՝ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ