Մհեր Սեդրակյանը ՍԴ-ում վիճարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 7-րդ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Այդ դրույթը սահմանում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության սահմանները։

Մասնավորապես՝ ըստ 7-րդ հոդվածի՝

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով իրավասու մարմինը հավաքում է նյութեր հետևյալ հարցերի առնչությամբ.
1) անձին պատկանող գույքը, դրա գտնվելու վայրը, ձեռքբերման աղբյուրները.
2) գույքի շուկայական արժեքը դրա ձեռքբերման պահի և ուսումնասիրության իրականացման դրությամբ.
3) գույքի վերափոխումն այլ տեսակի գույքի և գույքի օգտագործումից ստացվածը.
4) գույքը ձեռք բերողի հայտնի եկամուտները և ծախսերը, այդ թվում՝ ապրուստի միջին ամսական ծախսերը.
5) գույքի առնչությամբ կնքված գործարքները.
6) գույքի ծանրաբեռնվածությունն այլ անձանց իրավունքներով։

Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրության նյութերով հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը ներառում է ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից առաջ ընկած ժամանակահատվածը, որը չի կարող լինել ավելի երկար, քան ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացմանը նախորդող տասը տարին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։

Եթե ուսումնասիրության նյութերով ի հայտ են գալիս սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կասկածներ, և այդպիսի գույքի ձեռքբերմանն առնչվող ապացույցները պահպանված են, ապա իրավասու մարմինը կայացնում է որոշում՝ սահմանելով ուսումնասիրվող նոր ժամանակահատված, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը։

Ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումով Մհեր Սեդրակյանը, որդին՝ Դավիթ Սեդրակյանը և կինը՝ Շուշանիկ Աֆյանը նշել են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 31-րդ հոդվածի 1-ին մասին, 34-րդ 2 հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին ու 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»։

Մասնավորապես՝ ըստ դիմողների՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգում է նրան, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների նկատմամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետային սահմանափակումները չեն կիրառվում։ Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե իրավասու մարմինն իր որոշմամբ ուսումնասիրության ինչ ժամկետ է որոշել, վերջինս ուսումնասիրության ընթացքում կարող է ձեռք բերել ցանկացած նյութ, այդ թվում՝ այն նյութերը, որոնք ներառված չեն ուսումնասիրության ժամկետում։ Նման մեկնաբանության արդյունքում տեղի է ունենում դիմողների՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների նկատմամբ ոչ իրավաչափ միջամտություն։ Բացի դրանից, դիմողները նշում են, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը հավաքում է ուսումնասիրության ժամկետի մեջ չներառված նյութեր, նվազագույնը տեղի է ունենում իրավաչափության կանոնի խախտում, քանի որ ուսումնասիրության ժամկետից դուրս գտնվող գույքի վրա չի տարածվում ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, այսինքն՝ այդ գույքը բռնագանձման ենթակա չէ։

Ըստ դիմողների՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն իրավասու մարմնին հնարավորություն է տալիս առանց որևէ սահմանափակման ձեռք բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված տվյալները՝ իրավասու մարմնին օժտելով բացարձակ հայեցողությամբ։ Միաժամանակ դիմողները նշում են, որ եթե «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ժամկետները չեն տարածվում նույն հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների վրա, ապա ամբողջությամբ իմաստազրկվում է նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի առավելագույն սահմանը՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, քանի որ նման մեկնաբանությամբ առաջնորդվելու դեպքում իրավասու մարմինը լիազորվում է նյութեր հավաքելու նաև այն ժամկետի համար, որը նախորդել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ անկախ այն հանգամանքից, որ այդ ժամկետից առաջ անձի գույքի վրա բռնագանձում առհասարակ չի կարող տարածվել։

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝ նախագահությամբ՝ Երվանդ Խունդկարյանի, անդամակցությամբ՝ Էդգար Շաթիրյանի Սեդա Սաֆարյանի, գտել է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Դատարանի կազմի կայացրած որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։

Նշված հիմքերն են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողներն ըստ էության բարձրացնում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի (դրույթ, որը մասնավորեցնում է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով իրավասու մարմինը ինչպիսի հարցերի առնչությամբ է նյութեր հավաքում) սահմանադրականության հարց, այնինչ վիճարկվող դրույթով կարգավորվող հարաբերությունների բովանդակային ծավալը համատեղելի չէ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումների հետ, ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթի և դիմողների իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար՝ գործի քննությունը ենթակա է մերժման։

Հիշեցնենք, որ այժմ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցադիմումը։ Ըստ Դատախազության՝ Մհեր Սեդրակյանին պատկանող՝ ապօրինի ծագում ունեցող միայն անշարժ գույքերի շուկայական միջին արժեքների հանրագումարը կազմում է 2 մլրդ 297 մլն 856 հազար 520 դրամ։

Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից հօգուտ պետության բռնագանձել Էրեբունու Ազատամարտիկների պողոտայի հողակտորի միջին շուկայական արժեքը, «էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը, մեկ այլ ՍՊԸ-ի 60%-ը, «Ավտոստոպ» ընկերության 100% բաժնեմասը՝ ընդհանուր մոտ 21 անշարժ գույք` Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից:

Բռնագանձման ենթակա են նաև ապօրինի ծագման դրամական միջոցներ: Մհեր Սեդրակյանից բռնագանձման է ենթակա 1 մլրդ 434 մլն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողին կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել, ինչպես նաև 7 մլրդ 236 մլն 775 հազար դրամ` որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխում՝ օտարման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ