«Սա կրկնում Ռոբերտ Քոչարյանի դիագնոզը»․ Նարեկ Բաբայանը՝ ոճաբան Արամ Նիկոլյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանն այսօր ԱԺ-ում՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքների քննարկման ժամանակ, վերհիշեց Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպը։

Մինչ այդ պատգամավորը խոսեց ընդդիմադիր որոշ պատգամավորների մասին։

«Սկզբում՝ վարձու մի գրչակ, հետո ապօրինի հարստացած մի գյուղապետի աղջիկ եկան ու սկսեցին տարբեր մարդկանց մահերը շահարկել։ Հետո եկավ մեկը, որը լավ կլիներ՝ իր հայրենիքի սուպերմարկետում ակցիա աներ, բայց որոշեց քաղաքական ակցիա անել, ակցիան խոստանում էր լինել ծայրաստիճան զավեշտալի, բայց պարզ դարձավ, որ դա անակնկալ էր նաև ընդդիմության համար, ինչն էլ հիմք ստեղծեց, որ այդ անմիտ սադրանքը ներքաշի ընդդիմության որոշ պատգամավորների, ապա նաև՝ ֆրակցիաների ողջ կազմը»,- ասաց նա։

Այնուհետև Բաբայանը դիմեց վարչապետին․ «Պարո՛ն վարչապետ, դուք խոսել էիք ձեր սխալի մասին՝ ասելով, որ 2018-ին պիտի խոսեիք հանրության հետ և ներկայացնեիք բանակցային գործընթացի փակուղին։ Բայց արդյոք հնարավո՞ր էր այդպիսի խոսակցություն մինչև պատերազմը: Ես կարծում եմ, որ Դուք պետք է փորձեիք հանրությանն ասել ճշմարտությունը, բայց պետք է հիշենք, թե ինչպիսի պայմաններում էր լինելու այդ փորձը. այդ ժամանակ խաղաղության մասին խոսք ասողին ասում էին՝ «խաղաղություն ես ուզում, գնա գերեզման», կամ «հող տվողին հանձնենք հողին»: Ճշմարտությունը խոսելու անկարելիության մթնոլորտ կերտել էին նաև Հայաստանի և ԼՂ-ի բոլոր իշխանություններն ու բոլոր ընդդիմությունները»:

Պատգամավորը խոսեց նաև հավաքական կրթությունից և այստեղ առանձնացրեց Երևանում ծանրամարտի ԵԱ-ի ժամանակ Նիկոլյանի կողմից դրոշը վառելու դեպքը։

«Ողբի և վրեժի փիլիսոփայությամբ տոգորված ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն տարիների ընթացքում սրբադասեցին ՀՀ-ում դրոշ վառելու սովորությունը, եթե անհայտի կողմից դա կարելի է որակել որպես քաղաքական ակտիվ քայլ, ապա կուսակցության կողմից նման ծեսի իրականացումը քաղաքական սնանկություն է։ Հիշենք համալիրում տեղի ունեցածը․ մի մարդ, ով բացման արարողության մասնակիցների հագուստի դիզայներն էր, վաղուց տեղյակ էր Ադրբեջանի մասնակցության մասին ու կարել էր այդ երկրի դրոշով հագուստը, որոշեց կատարել նման արարք, կամ կատարեց ինչ-որ մեկի հանձնարարությամբ: Ասում են՝ հայտարարել է, որ ինքը համալիրում այդ պահին գտնված «միակ տղամարդն էր»։ Սա կրկնում է Ռոբերտ Քոչարյանի դիագնոզը։ Դրոշակիզման այս փորձը քաղաքական էյֆորիայի հասցրեց որոշ դաշնակցականների, մասնավորապես՝ Գեղամ Մանուկյանին: Նա «Ֆեյսբուք»-ում գրառում էր արել՝ «Էսինչ, էսինչյան ջան․․․ Նիկոլի աչքի առաջ․․․» ստացվում է, որ ՀՀ-ին հասցված ցանկացած վնաս այս մարդիկ հիմնավորում են, որ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի աչքի առջև է արվել»,- ասաց նա։

Բաբայանի խոսքով՝ այս հարցերը խոսում են հասարակության մեջ որակյալ կրթության կարիքի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ