Ինչու է կարևոր «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը

«Ինչո՞ւ է կարևոր «Հոկտեմբերի 27»-ը, մի պարզ պատճառով, որովհետև մեր երկրի ժողովրդավարական զարգացման, սահմանադրական հունի զարգացման հիմնական դեֆորմացիան տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի հետևանքով»:

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազին:

Վերջինս նկատեց՝ դեֆորմացիա, որ դեռ երկար ժամանակահատված մենք փորձելու ենք հասկանալ և վերլուծել:

«Ընդ որում՝ և՛ որպես ՀՀ քաղաքացի, և՛ որպես հանձնաժողովի նախագահ, և՛ որպես հայ մարդ, տիկին գլխավոր դատախազ, պահանջո՛ւմ եմ ձեզանից ոչ թե վհուկների որս, այլ իրական արդյունքների և գործի բոլոր հանգամանքների վերլուծություն, որովհետև հասարակության համար «Հոկտեմբերի 27»-ը, ինչպես նաև «Մարտի 1»-ը, որը կրկին պատճառներով գնում է դեպի «Հոկտեմբերի 27», այն կարևորագույն սպիներից է, որը մինչև չբուժես, հասարակությունը շարունակելու է դրանով տառապել և ապրել»,- ասաց Վարդանյանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ չկա որևէ հայ, որ «Հոկտեմբերի 27»-ը չի դիտարկում երկրի բնական հունը ամբողջությամբ խաթարելուն ուղղված ոտնձգություն:

ՀՀ գլխավոր դատախազն էլ ասաց. «Մարտի 1-ի հետապնդումների հետ կապված ամենշաբաթյա ռեժիմով ինձ մոտ քննարկվում և զեկուցվում է: «Հոկտեմբերի 27»-ի գործը դեռ ինքս չեմ հասցրել կարդալ և ուսումնասիրել, բայց ուզում եմ վերահաստատել, որ, որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար առաջնային են այս երկու գործերը: Իսկ հաղորդագրության տեսքով դրանք չեն զետեղվել, որովհետև նոր ասելիք չի եղել, իսկ ուղղակի նշել, որ այս կամ այն հանձնարարականներն ենք տվել, իմ ձևաչափի մեջ չի տեղավորվում»:

Վերջինս վստահեցրեց՝ առաջիկայում կսկսեն նաև «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը. «Եվ, կարծում եմ, մենք ասելիք կունենանք արդեն հաջորդ հաղորդման շրջանակներում, բայց ոչ թե որպես խոստում, այլ հստակ՝ որպես արդեն կատարված գործ: Գուցե դուք ավելի շուտ լսեք լրատվամիջոցներով, քան ես դա կհասցնեմ հաղորդել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ