«Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերն իմ առաջնահերթությունն են. ՀՀ գլխավոր դատախազ

«Երկու գործ կա, որ պաշտոնն ստանձնելուց հետո, նախ, որպես ՀՀ քաղաքացի, հետո նոր գլխավոր դատախազ եղել են իմ առաջնահերթությունները: Դա «Մարտի 1»-ն է և «Հոկտեմբերի 27-ը»»:

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ քանի որ ֆիզիկապես պաշտոնավարում է մոտ վեց ամիս, և ժամկետների խնդիրներ ունեն, այժմ ծանոթացել և զբաղվում է «Մարտի 1»-ի գործով:

«Մարտի 1-ի հետապնդումների հետ կապված ամենշաբաթյա ռեժիմով ինձ մոտ քննարկվում և զեկուցվում է: «Հոկտեմբերի 27»-ի գործը դեռ ինքս չեմ հասցրել կարդալ և ուսումնասիրել, բայց ուզում եմ վերահաստատել, որ, որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար առաջնային են այս երկու գործերը: Իսկ հաղորդագրության տեսքով դրանք չեն զետեղվել, որովհետև նոր ասելիք չի եղել, իսկ ուղղակի նշել, որ այս կամ այն հանձնարարականներն ենք տվել, իմ ձևաչափի մեջ չի տեղավորվում»,- ասաց Վարդապետյանը:

Վերջինս վստահեցրեց՝ առաջիկայում կսկսեն նաև «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը. «Եվ, կարծում եմ, մենք ասելիք կունենանք արդեն հաջորդ հաղորդման շրջանակներում, բայց ոչ թե որպես խոստում, այլ հստակ՝ որպես արդեն կատարված գործ: Գուցե դուք ավելի շուտ լսեք լրատվամիջոցներով, քան ես դա կհասցնեմ հաղորդել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ