16 տարի միշտ հարգել, լսել եմ եւ ձեր ցանկացած բարձրացրած խնդրին լուծում եմ տվել: Այս մասին այսօր «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ծառուկյանը լիարժեք տիրապետում է խնդրին եւ դրա լուծմանը։ Երբ Իրանում ցեմենտի գործարան չկար, իրենց մեքենաները օրերով կանգնում էին, որ մեզանից ցեմենտ տանեին։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք, տարեկան 7-10 մեքենա ենք նվիրել աշխատողներին, նույնիսկ կոմունիստների ժամանակ այդպիսի բան չի եղել։ Գնահատել ենք աշխատողներին»,- ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, թե դեմ է եղել կրճատումներին՝ ասելով, թե «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Արարատում աշխատող միակ գործարանն է։
«Իսկ Ազգային ժողովում հանձնաժողովն առաջարկում է՝ թող 400 կամ 1000 ընտանիք էլ անգործ մնա, բայց ոնց կարելի է այդպես։ Ես առողջացման ծրագիր եմ առաջարկում, որ քայլ կատարեն, մարդկանց մատից փուշ հանեն, հնարավորություն տան, որ մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել։ Հիմա Իրանից ավելի էժան ցեմենտ է գալիս։ Նախորդ կառավարության ժամանակ 200 դոլար տուրք էին դրել, յոլա ենք գնացել, խնդիր չկար, հետո նոր իշխանությունը եկավ, տեղյակ չի խնդրից, տուրքը հանեցին։ Հիմա ասում են՝ թող կլինկերը տուրք չվճարի, ցեմենտի գումարը վճարի։ Մենք էլ ասում ենք՝ եթե այդպիսի որոշում ես ընդունել, ուրեմն մենք էլ կլինկեր կբերենք, որ գործարանը չխորտակվի։ Ես նեղացած եմ հանձնաժողովից՝ ինչու եք ամեն ինչ թողնում Ծառուկյանի վրա, այս երկրում մի հատ Ծառուկյան կա՞։ Ես բարկացած եմ եղել, ձեզ դիմումներ եմ տվել»,- ասաց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն ասաց, որ վաղը խորհրդարանում բարձրացնելու է այս հարցը։ «Ինչ գրած է ձեր դիմումներում, բոլորը պատռեք, թափեք»,- ասաց Ծառուկյանը ցեմենտի գործարանի աշխատակիցներին։
Աշխատակիցներից մեկը Ծառուկյանին հայտնեց, որ իրենց ասել են՝ բողոք հայտնելու համար ճանապարհ փակել: Գագիկ Ծառուկյանը պահանջեց ասել, թե ով է նման բան հրահանգել, որպեսզի աշխատանքից ազատի նրան:
Այնուհետեւ նա ավելացրեց. «Եթե ճանապարհ փակելու հարց լինի, Ծառուկյանը հեռուստացույցով կասի, ինքն առաջինը կկանգնի փողոցում, իր պատգամավորների հետ: Դուք քաղաքականության հետ գործ չունեք»,- ասաց Ծառուկյանը ցեմենտի գործարանի աշխատակիցներին:
Աշխատակիցների հարցին՝ եթե ամեն դեպքում խնդիրը չկարողանան լուծել՝ ի՞նչ է լինելու, Ծառուկյանը պատասխանեց, որ մեկ-երկու ամիս կկարողանա ինքը վճարել, սակայն հետո գործարանը կսնանկանա. «Երկարաժամկետ լուծումներ են պետք»:
Հիշեցնենք, որ արդեն 2 օր է՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, այդ իսկ պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը: Նշենք նաեւ, որ ընկերության աշխատակիցները ակցիայի ընթացքում նշել էին, որ ընկերությանը փորձում են ուղղորդել, որպեսզի այլ տեղերում ճանապարհ փակեն, սակայն նրանք կառավարության դեմ դուրս գալ չեն պատրաստվում: