Երբ ՀՀ-ում գտնվող որևէ սուբյեկտ սկուտեղի վրա մատուցում է Ադրբեջանին մի թեզ՝ ըստ որի ՀՀ քաղաքական ղեկավարությունն է մեղավոր Տեղ գյուղի միջադեպի համար, ուրեմն այստեղ կրկին գործ ունենք 5-րդ շարասյան գործելաոճի հետ. Հովհաննիսյան

«Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ, թերություններ իհարկե կան, դրանց մասին բազմիցս արձանագրվել է: Մենք շատ հետամուտ ենք, որ այդ թերությունները բացահայտվեն և մեղավորները պատժվեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Տեղ համայնքում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին և դրանից առաջ տրված հանձնարարականներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ պատգամավորի՝ հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները. «Դրանք Անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ կարող են տրված լինել: Մենք երեկ քննարկում էինք անում «Հայաստան» խմբակցության խնդրանքով և այդ քննարկմանը մասնկցում էր ԳՇ պետը և ընդդիմությունն ուներ հնարավորություն հարց տալու՝ վերջին հաշվով քննարկում եղել է, թե չի եղել, հանձնարարականներ ստացել են, թե՝ ոչ, թերացումներն ինչի հետ էին կապված, թերացումների մասին խոսել ենք, բայց չգիտես ինչու շրջանցվեց հանձնարարականի լինել-չլինելը: Այդ հանձնարարականների մասով ես հիմա չեմ կարող ասել, թե երբ են տրվել, բայց, որ հանձնարարական չէր կարող տրված չլինել, դա կարող եմ վստահաբար ասել:Դա տրվել է առաջխաղացումից առաջ»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ անդրադարձավ այն հարցին, թե ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը Տեղի միջադեպի հետ կապված. «Երբ ընդդիմությունը մեղադրում է քաղաքական իշխանությանը Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի համար, սա հերթական բացահայտումն է ընդդիմության էության, երեկվա փակ հանդիպման ժամանակ ընդդիմությանն ակնհայտ է եղել, թե ինչպես են տեղի ունեցել դեպքերը և սա ակնհայտորեն Ադրբեջանի հերթական սադրանքն է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Երբ այս դեպքում ՀՀ-ում գտնվող որևէ սուբյեկտ, առավել ևս՝ ՀՀ ԱԺ պատգամավորը ոչ թե ասում է հասցեական, որ սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ սկուտեղի վրա մատուցում է Ադրբեջանին մի թեզ, ըստ որի՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է մեղավոր, այստեղ մենք կրկին գործ ունենք 5-րդ շարասյան գործելաոճի հետ»:

Անդրանիկ Քոչարյանը ևս արձագանքեց. «Նման իրավիճակները բացառելուն էր միտված երեկվա ամբողջ քննարկումը, դա ողջունելի է: Այնուամենայնիվ,ՀՀ ԶՈՒ-ն հակահարված տվեց, իհարկե, ունեցանք զոհեր, եթե մենք ԶՈՒ-ի նման կեցվածք չունենայինք, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այդտեղ: Այն, ինչ որ մերն է՝ մերն է, եթե դրանից ավել հակառակորդը պետք է ոտնձգություն անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է: ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականացնի»:

Քոչարյանը հավելեց, որ բնականաբար կլինի ծառայողական քննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ