Հայաստանի տարածքում 3 օր փնտրվող երկրորդ ադրբեջանցի զինծառայողի մայրը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ որդին պայմանագրային զինծառայող դառնալու միտք է ունեցել: Նա պնդել է, որ ադրբեջանցի զինծառայողը բանակից բողոք չի ունեցել: Մինչդեռ ապրիլի 10-ին հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցին քննչական գործողությունների ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանում իրեն նվաստացրել են, այդ պատճառով էլ հատել է սահմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի տարածքում 3 օր փնտրվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել է Կապանի Աճանան գյուղի տարածքում:
Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ եւս մեկն է եղել:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Նախիջևանի սահմանային շրջանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայող մոլորվել և անհետ կորել է:
Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում ադրբեջաներենով խոսում տեղի բնակիչների հետ: Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում դեպքից մանրամասներ էր հայտնել՝ նշելով՝ ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո՝ հայտնաբերվել Աշոտավան գյուղում: Բնունիս համայնքում բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինը դիմել է ոստիկանություն։