Հերոսական պատմություն ունեցող Տեղ գյուղը

Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է գտնվում Գորիսի շրջանի Տեղ գյուղը, որը վերջին պատերազմից հետո հայտնվել է հայ-ադրբեջանական ուղիղ սահմանին։
Քչերը գիտեն, որ այս գյուղն իր պատմության ընթացքում ունեցել է հերոսական էջեր, և իր գոյության ընթացքում այստեղ գրեթե թուրք բնակչություն չի հաստատվել։
Տեղ գյուղի մասին հնագույն հիշատակությունը հանդիպում ենք Սյունյաց պատմիչ Ստ. Օրբելյանի մոտ: Նա Տեղ գյուղը հիշատակում է նվիրատվության առիթով, ըստ որի, Սյունիքի թագուհի Շահանդուխտը 988թ. գյուղը նվիրում է Տաթևի վանքին և այդ առթիվ կնքում վավերագիր:
Ուշ միջնադարում Տեղ գյուղը եղել է մելիքական նստավայր։ Տարածաշրջանի երևելիներից մեկի՝ Մելիք Բարխուդարի ծննդավայրն էր այս գյուղը։ Մինչ այսօր էլ գյուղում պահպանվել է մելիքական ապարանքը, որը հետագայում կառուցել է նրա որդին։

Սակայն քանի որ Տեղում ամրոց չկար, Մելիք Բարխուդարը իր նստավայրը Տեղից տեղափոխել է Խնձորեսկ։
Նադիր շահի դավադիր սպանությունից հետո պարսկական պետության մեջ սկսվում է անիշխանության շրջան: Սյունյաց լեռնաշխարհի հին ու նոր թշնամիները կրկին գլուխ են բարձրացնում: Հատկապես վտանգավոր էին Նախիջևանի Հեյդար-Ղուլի խանի ասպատակիչ արշավանքները: 1748թ. նա իր զորքերով արևմուտքից արևելք կտրելով Սյունիքի տարածքը, հասնում է մինչև Տեղ գյուղ և պահանջում հարկեր ու գինի:

Մելիք Բարխուդարը հրաժարվում է խանին հպատակվելուց և 600 հոգանոց ջոկատով դուրս է գալիս կռվելու նրա դեմ: Սակայն վճռական ճակատամարտում քաջարի մելիքն ու նրա եղբայրը զոհվում են: Թուրք զինվորները նրանց գլուխները կտրում և նվեր են տանում խանին: Ըստ ավանդության, նրանց գլուխները կտրում են հենց Մելիք Բարխուդարի թրով, երբ վիրավոր մելիքը, իր վիրավոր եղբոր հետ, ուժասպառ նստած են լինում մի քարի վրա, և այդ քարն էլ այսօր հայտնի է «Մելիք Բարխուդարի» քար անունով։ Հետագայում հայերը խանին խնդրում են վերադարձնել մելիքի ու եղբոր գլուխները։ Մելիք Բարխուդարի գլուխը թաղվում է Էջմիածնի մայր տաճարի բակում, իսկ եղբոր գլուխը՝ Հռիփսիմեի տաճարի բակում։ Մելիք Բարխուդարի մարմինը թաղված է հին Խնձորեսկի Անապատի բակում, Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ:
Գյուղը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։

Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ