Սերժ Սարգսյանին «լուսապսակ» է պակասում՝ Արցախյան 1-ին պատերազմի հաղթանակը, բանակցային ռեսուրսը մսխելու, Արցախի խնդիրը չլուծելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական քննությունը։ Այս փուլում դատարան են կանչվում վկաները։

Պետբյուջեից շուրջ կես մլրդ դրամ հափշակության մեջ մեղադրվող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո որոշեց պատասխանել լրագրողների հարցերին, ավելի կոնկրետ՝ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին իր ղեկավարման տարիներին։ Որոշումը թերևս Սարգսյանը նախապես էր կայացրել, և դա էր պատճառը, որ դատարան էին գնացել բավական թվով լրատվամիջոցներ՝ հատկապես իր և իր թիմակիցների անվան հետ կապվող, ինչը զգացվում էր անգամ հարցերի մեջ հնչող գնահատականներից։

Եվ այսպես, ինչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը․ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտմանը, որ Ռուսաստանը 2011-2012 թվականներին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք է կնքել Արդբեջանի հետ, միաժամանակ խստորեն սահմանափակել է զենքի մատակարարումները Հայաստանին, և ինքը դրա մասին իմացել է Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո, Սերժ Սարգսյանը հավաստիացրեց. «Ես միայն կարող եմ ասել, որ երբեք ես որևէ փաստաթուղթ՝ լինի նամակ, լինի համաձայնագիր, կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել»:

Եվ սա ասում է մի նախկին ղեկավար, որը հստակ իմանալով բանակցային իրավիճակի, կործանարար պատերազմի վերահաս վտանգի ու հակառակորդի հետ մեր սպառազինության իրական անհամապատասխանության մասին, կամք չի դրսևորել որևէ լուծման գնալ՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Բանակցային պրոցեսը բերել հասցրել է մի կետի, որից հետո ՀՀ հաջորդ ղեկավարի սեղանին են դրվել հողեր զիջելու նրա չիրականացրած պայմանավորվածություններն ու խոստումները։ Փոխարենը, ժամանակ ձգելով՝ թույլատրել է, որ իր շրջապատը կեղեքի ու հարստահարի Հայաստանն ու Արցախը՝ ժամանակից անվտանգային համակարգերի, սպառազինության, անօդաչուների գումարները միլիարդավոր դոլարների հարստության վերածելով։ Փաստը՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցապահանջների աներևակայելի չափերն են։ 10-ամյակներով մսխելով մեր բազմահազար նահատակների արյամբ ձեռք բերված արցախյան պատերազմի հաղթանակը՝ այդ նույն Արցախը չի ապահովել նորագույն պաշտպանությամբ ու անվտանգային ժամանակակից համակարգով։

Մի բան էլ, գլուխը կախ, «թեթև կսմիթներով» համաձայնել է Հայաստանի դեմ Ռուսաստանի բոլոր ուխտադրուժ քայլերին, գործարքներին ու Ադրբեջանի հետ միլիարդավոր դոլարների ռազմական դաշնակցությանը՝ Հայաստանին թողնելով ռուսական քաղաքականության թակարդում՝ ավելի կոնկրետ՝ ռուս-թուրքական։

«Թող անհամեստ չհնչի, բայց ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը։ Ես պնդում եմ, թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի»,- առանց ավելորդ համեստության շարունակել է Սերժ Սարգսյանը։

Հիեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե հայ-ռուսական հարաբերությունների փչանալու մասին են խոսում, ես ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ հենց իրենց իշխանության օրոք է Ռուսաստանը Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք կնքել»։

Վարչապետի խոսքով՝ դա եղել է 2011-2012 թվականներին: «Եվ միևնույն ժամանակ Ռուսաստանը սահմանափակել է ՀՀ-ին զենքի մատակարարումները: Ես դա իմացել եմ Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, ի տարբերություն, մի շարք այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո»:

ՀԳ․ Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ժամանակ սիրում էր պարգևատրել ու մեդալներ շնորհել յուրայիններին։ Այնպես որ կարող է մի «լուսապսակ» էլ իրեն շնորհել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ