Արարատում ֆիզկուլտուրայի ուսուցիչը փրկել է մարզադահլիճում ճոպանի վրա կախված վիճակում հայտնաբերված 12-ամյա տղայի կյանքը

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:25-ի սահմաններում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը, «մեխանիկական շնչահեղձություն, շնչական անբավարարություն 1-ին աստիճանի կոմատոզ վիճակ, գլխուղեղի հիպոքսեմիա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի թիվ 1-ին հիմնական դպրոցից, ով Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա նշված դպրոցի սան է։ Պարզվել է նաև, որ ժամը 13:10-ի սահմաներում աշակերտը դպրոցի մարզադահլիճում, դասամիջոցի ժամանակ, պտուտակաձողի վրա ամրացված ճոպանով, ինչ որ գործողություններ է կատարել և պարանը փաթաթվել է տղայի պարանոցին:

Դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն ու աշակերտները տարօրինակ ձայներ են լսել ու մտնելով դահլիճ երեխային հայտնաբերել են կախված։ Ֆիզկուլտուրայի 37-ամյա ուսուցիչ Մանվել Մկրտչյանը կարողացել է ժամանակին կտրել պարանը, ապա, անհրաժեշտ մերսումներ կատարելուց հետո, երեխային կարողացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել, որից հետո տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով, երեխային Արարատի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ