«5 հեռուստաընկերության հեռարձակման դադարեցման պատճառը միայն պարտքե՞րն են». Մանավազյանը՝ ՀՌՀ նախագահին (տեսանյութ)

«ՀՀ 5 հեռուստաընկերությունների հեռարձակումն առաջիկայում դադարեցնելու պատճառը միայն ընկերությունների կուտակած պարտքերն են»։

Այս մասին այսօր ԱԺ-ում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկման ընթացքում ասաց հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե արդյոք հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցնելու որոշման պատճառը միայն պարտքե՞րն են։

«Այո՛, մենք «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից ստացել ենք նամակը, որով պատրաստվում են դադարեցնել քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ցերեկային ժամերին, այն էլ՝ երկու ժամով։ Պատճառը պարտքերի կուտակած քանակն է։ Այս հարցը միշտ հետաձգում էինք, ընկերությունը մեզ հետ խոհրդակցում էր, և մենք փորձում էինք հետաձգել, բայց որպեսզի կայանը կարողանա հանրությանը որակյալ ծառայություններ մատուցել և պահել այդ մեծ գումարներ պահանջող համակարգը, պետք է գումարներ ստանա այդ պարտքերի ինչ-որ քանակից ավելին, որն արդեն տևում է մի քանի ամիս»,- ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ այս որոշումը, սակայն, իրենց կարծիքով, բավարար լուծում չէ, քանի որ ինքն անձամբ մտավախություն ունի՝ ի՞նչ կլինի, եթե հեռուստաընկերությունները չվճարեն պարտքերը․ «Նրանք պետք է փակվե՞ն, հետ դարձնեն լիցենզիա՞ն։ Ես այս մասով խոսել եմ հանձնաժողովի անդամների հետ։ Ունենք համակարգային ճգնաժամ, որը պետք է ինչ-որ ձևով լուծում ստանա։ Պետք է հասկանանք, որ հանրային մուլտիպլեքսը կոմերցիոն պարզ հարթակ չէ։ Չի կարող մեկին, որը չի կարողանում վճարել հարկերը, փոխարինի մյուսը։ Շատ երկրներում դա անխափան գործունեություն է և երաշխիքներ ունի, բայց այն երկրներում, որոնք նպաստում են, որ հեռուստաընկերությունները նման ֆինանսական ճգնաժամ չունենան։ Դա համակարգային խնդիր է, որի լուծումները ես էլ չգիտեմ»:

Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցնելու հարցում նաև անարդար մոտեցում կա:

«Չասեմ հեռուստաընկերությունների անունները, բայց մեկը ունի 150 մլն դրամի պարտք, մյուսը՝ 40 մլն, ու երկուսն էլ նույն ժամկետով են դադարեցվելու։ Այսինքն՝ պետք է պատժամիջոցները կիրառելիս ունենանք համաչափություն։ Սա մեզ համար մտահոգիչ է, բայց լուծումները մեր ձեռքին չեն, քանի որ խոսքը երկու սուբյեկտների ու նրանց միջև եղած պայմանագրային հարաբերությունների մասին է, որոնք խախտվում են»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը։

Արձագանքելով նաև Մանավազյանի այն հարցին, թե նման նախադեպ՝ կապված հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցման հետ, նախկինում եղե՞լ է Հայաստանում, թե՞ ոչ, Հակոբյանը շեշտեց, որ սա առաջին դեպքն է, երբևէ չի եղել դեպք, որ հեռուստաընկերություններն այսքան պարտքեր կուտակած լինեն, որը, նրա խոսքով, ֆինանսական մուտքերի էականորեն կրճատման հետևանք է։ Միևնույն ժամանակ վերջինս նշեց, որ տվյալ հեռուստաընկերությունները դեռ ժամանակ ունեն և կարող են այս ընթացքում վճարել պարտքերն ու դուրս մնալ պատժամիջոցներից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ կուտակված պարտքերի պատճառով առաջիկայում դադարեցվելու է «Շանթ», «ATV», «Freenews», «Դար 21», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների հեռարձակումը։ Դադարեցումը նախատեսվում է ապրիլի 18-ից՝ ցերեկային ժամերին երկու ժամով։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ