ՆԳՆ ոստիկանությունը ադրբեջանցի զինծառայողի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում նշեցին, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին Կապանի ոստիկանության բաժանմունքում է։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորականին գյուղացիներն են բռնել՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա խոսքով՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Նախիջևանի սահմանային շրջանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայող մոլորվել և անհետ կորել է:

Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում ադրբեջաներենով խոսում տեղի բնակիչների հետ: Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում դեպքից մանրամասներ էր հայտնել՝ նշելով՝ ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո՝ հայտնաբերվել Աշոտավան գյուղում: Բնունիս համայնքում բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինը դիմել է ոստիկանություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ