Պետականության դեմ՝ դրսից և ներսից գեներացվող փոթորկի հերթական ալիքը

Գուցե ընդամենը զուգադիպություն էր, բայց բավական հետաքրքիր դասավորվեցին վերջին օրերի իրադարձությունները, երբ Հայաստանում օրակարգ բերվեց Հռոմի Ստատուտի վավերացման հարցը, իսկ Ռուսաստանից էլ ակտիվացան սպառնալիքներն ու ՀԱՊԿ առաքելության անհրաժեշտության մասին կոչերն ու ուղերձները։

Երբ Հայաստանի ՍԴ-ն որոշեց, որ Հռոմի Ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, Ռուսաստանը բավական ցավոտ արձագանքեց։ Հայտնի է, որ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Ռուսաստանի արձագանքը՝ Հայաստանի ՍԴ որոշման մասով, Հայաստանում շատերը կապեցին հենց Պուտինի վերաբերյալ հարցի հետ։ Թեպետ, Հայաստանից բազմաթիվ հայտարարություններ եղան, որ Հռոմի Ստատուտի վավերացման հարցն ուղղված է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ և նպատակն է, որպեսզի Բաքվի իշխանությունները վաղ թե ուշ կանգնեն միջազգային դատարանի առաջ՝ ռազմական հանցագործությունների համար։

Իսկ արդյո՞ք Մոսկվան անհանգստանում է իր համար։ Հռոմի Ստատուտը աշխարհում բազմաթիվ երկրներ են վավերացրել, այդ երկրների ցանկում քիչ չեն նաև Ռուսաստանի համար, այսպես ասած, բարեկամ երկրները։ Ինչո՞ւ է Հայաստանի դեպքում Մոսկվան աղմկում՝ այն դեպքում, երբ վավերացում որպես այդպիսին դեռ չի եղել։

Այստեղ՝ թերևս առաջ է գալիս տրամաբանական հարց՝ իսկ գուցե՞ Ռուսաստանի անհանգստության պատճառը Ադրբեջանն է, գուցե՞ Մոսկվան փորձում է պաշտպանել Բաքվին։

Ռուսաստանում բազմիցս են բաց տեքստով հայտարարել, որ Ադրբեջանը ոչ միայն բարեկամ, այլև ռազմավարական առումով կարևոր երկիր է իրենց համար։ Ավելին, Ռուսաստանը՝ Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներից է, իսկ միջազգային վերջին պատժամիջոցներից հետո Ադրբեջանը Ռուսաստանի համար դարձել է էներգետիկ ռեսուրսների սպառման օդանցք։

Արցախի, արդեն չորս ամիս շարունակվող, շրջափակումն ու հումանիտար ճգնաժամը տեղի է ունենում ռուսական խաղաղապահ զորախմբի «քթի տակ»։ Հենց այդ նույն «քթի տակ» Ադրբեջանը մի քանի օր առաջ կրկին խորացավ ՀՀ ինքնիշխան տարածքում, նաև գնաց ռազմական սադրանքի։ Հետաքրքիր զուգադիպությամբ ադրբեջանական վերջին սադրանքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախարարը գտնվում էր ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում։ Սադրանքը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ եվրոպացի դիտորդներ չեն եղել, այն նույն դիտորդները, որոնք ըստ ՌԴ չինովնիկների, տարածաշրջանում իբր ավելի մեծ ռիսկեր են առաջացնում։

Տարածաշրջանում ռիսկեր միշտ առաջանալու են, քանի դեռ այս տարածաշրջանով հետաքրքրված համաշխարհային կենտրոնններից մեկը սադրում է, իսկ մյուսները՝ լռում, կամ ընդամենը հերթապահ հայտարարությունն անում։

Վերջին շաբաթներին ու հատկապես վերջին օրերին Հայաստանի տարածքը կրկին փոթորկվել է և միայն առաջին հայացքից է, որ թվում է, թե սա փոթորիկ է ընդամենը 100 կամ 200 մետր հողատարածքի համար։ Սա փոթորիկ է Հայաստանի պետականության և ինքիշխանության դեմ։ Փոթորիկ, որը գեներացվում է թե՛ դրսից, թե՛ ներսից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ