Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։

Մեր հարցմանն ի պատասխան՝  ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։

Ավելի վաղ՝ տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել  ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի հետ  նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Հետագայում ՊՎԾ աշխատակից  Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց: «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»,-կայքին հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կայքի տեղեկություններով՝ Գ.Խաչատրյանը համագործակցել է նախաքննական մարմնի հետ ու տվել ցուցմունքներ։ Իսկ այսօր մամուլը գրել էր, որ  առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջև։

Առայժմ հայտնի չէ, թե ինչի մեջ է կասկածվում Դավիթ Սանասարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ