Իրականում Նազարբաեւից նամակ ստացել են բոլոր նախկին ղեկավարները. նոր մանրամասներ

Հայաստանում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաեւը պարզաբանումներով է հանդես եկել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի կապակցությամբ:

«Պարոն Նազարբաեւը շնորհակալական նամակներ է ուղարկել ՀՀ բոլոր 3 նախկին նախագահներին, որոնց հետ ժամանակին աշխատել է: Նամակները ստացել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար շնորհակալական տեքստով:

Նմանօրինակ նամակներ են ուղարկվել աշխարհի բոլոր մյուս ղեկավարներին, որոնց հետ ժամանակին համագործակցել եւ աշխատել է Նազարբաեւը»,-ֆեյսբուքյան իր էջում պարզաբանման տեքստում գրել է դեսպանը:

Նշենք, որ Նազարբաեւի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի մասին հայտնել էր Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը: Կայքը հայտնում էր, որ նամակում Նազարբաեւը անձամբ էր հայտնել նախագահի պաշտոնից իր հրաժարվելու պատճառների մասին եւ նշել էր, թե ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները:

աղբյուրը՝  Armtimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ