Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բեռնար Առնոն, որը LVMH կոնգլոմերատի նախագահն է, 200 մլն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի՝ սարսափելի հրդեհից հետո վերակառուցմանը:
Ինչպես նշում է uk.reuters.com-ը, միլիարդատիրոջ և նրա ընտանիքի հատկացրած գումարը կրկնակի ավելի է մեկ այլ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոյի նվիրաբերած գումարից:
«Առնո ընտանիքը և LVMH ընկերությունների խումբը ցանկանում է իր համերաշխությունը հայտնել ազգային ողբերգության պահին ու միավորվել Ֆրանսիայի, դրա ժառանգության և միասնության խորհրդանիշ հանդիսացող այս արտասովոր տաճարը վերականգնելու հարցում օգնելու համար»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ: