Լեզվի կոմիտեն ներկայացրել է «5-րդ ալիք»-ի մուլտֆիլմների լեզվական սխալների վերլուծություն

Լեզվի կոմիտեն շարունակում է ներկայացնել է «5-րդ ալիք»-ի մուլտֆիլմների լեզվական սխալների վերլուծություն: Այս անգամ ուսումնասիրվել է ևս ութ մուլտֆիլմ։

Այն ամբողջությամբ՝ ստորև.

««Ես ձեզ կպատմեմ փոքրիկ ասպետ Թրենքի պատմությունը, ով այնքան խիզախ և իմաստուն էր, որ փառաբանվեց լեռնային բարձրունքներից մինչև ծովի խորքերը» («Խիզախ ասպետը»)։

Սխալ դերանուն է գործածվել։ Ոչ թե ասպետ Թրեքի, ով, այլ ասպետ Թրեքի, որը։ Ով-ը գործածվում է միայն դերանունների հետ՝ նա, ով/ նրանք, ովքեր և այլն։

Այստեղ ճիշտ չէ նաև հաջորդ նշված բառը։ Շատերն են այն ավելորդ ր-ով գործածում։

Ճիշտ է՝ «Ես ձեզ կպատմեմ փոքրիկ ասպետ Թրենքի պատմությունը, որն այնքան խիզախ և իմաստուն էր, որ փառաբանվեց լեռնային բարձունքներից մինչև ծովի խորքերը»։

Ով-ի սխալ գործածության ևս մի դեպք․

«Դու առաջին ասպետն ես, ով իմ սրտով է» («Խիզախ ասպետը»)։

Ճիշտ է՝ «Դու առաջին ասպետն ես, որն իմ սրտով է»։

«Շնորհակալություն, դուք շատ բարի գտնվեցիք» («Խիզախ ասպետը»)։

Սա տարածված օտարաբանություն է։

Ճիշտ է՝ «Շնորհակալություն, դուք շատ բարի եք/բարի եղաք» և այլն։

«Ես գտնում եմ, որ այն (հագուստը) սազում է տոնին» («Խիզախ ասպետը»)։

Սա էլ գտնել բայի սխալ գործածություն է։ Եթե գտնվել-ը լինել բայի փոխարեն է գործածվում, ապա գտնել-ը՝ կարծել, մտածել բայերի փոխարեն։

Ճիշտ է՝ «Ես կարծում եմ, որ այն սազում է տոնին»։

«Ամեն ինչ կտայի քո տեղում լինելու համար» («Խիզախ ասպետը»)։

Սա նշանակում է լինել այնտեղ, որտեղ խոսակիցն է։ Իսկ մուլտֆիլմում խոսքը նրա փոխարեն լինելու մասին է։

Ճիշտ է՝ «Ամեն ինչ կտայի քո տեղը լինելու համար» կամ «Ամեն ինչ կտայի քո փոխարեն լինելու համար»։

«Դու այս շորերով ծառերի՞ն ես մագլցում» («Խիզախ ասպետը»)։

Մագլցում են ոչ թե ծառերին, այլ ծառերը։

Ճիշտ է՝ «Դու այս շորերով ծա՞ռերն ես մագլցում»։

«Պատիվն ու ազնվությունը դրանք ասպետի հավատարիմ հատկությունների գրավականն են» («Խիզախ ասպետը»)։

Հայերենում ենթական դերանվամբ չի կրկնվում։ Ճիշտ չէ ասել՝ պատիվը դա․․․, պատիվն ու ազնվությունը դրանք․․․ Այստեղ դրանք-ն ավելորդ է։ Ապա՝ հատկությունները հավատարիմ չեն լինում։ Պարզվում է՝ մուլտֆիլմի ռուսերեն տարբերակում, որից էլ թարգմանվել է հայերեն, այս նախադասության մեջ գործածվում է верный залог արտահայտությունը, իսկ верный ռուսերենում հավատարիմ-ից բացի նշանակում է իսկական, ճիշտ, ստույգ ևն, և այստեղ այն վերաբերում է ոչ թե հատկություններին, այլ գրավականին։

Ռուսերեն տարբերակի օգնությամբ վերաշարադրենք նախադասությունը՝ «Պատիվն ու ազնվությունը ասպետի արժանավորության իսկական գրավականն են»։

Ենթական դերանվամբ կրկնելու այլ դեպքեր՝

«Խաբեությունը դա ասպետին վայել չէ» («Խիզախ ասպետը»)։

Ճիշտ է՝ «Խաբեությունը ասպետին վայել չէ»։

«Սնունդը դա հիմքերի հիմքն է» («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Ճիշտ է՝ «Սնունդը հիմքերի հիմքն է»։

«Քո թուլության դեմ անտարբեր չլինելը դա իմ թուլությունն է» («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Այստեղ սխալ է նաև դեմ բառի գործածությունը։

Ճիշտ է՝ «Քո թուլության հանդեպ անտարբեր չլինելը իմ թուլությունն է»։

«Ընդհանրապես բանալին դա դու ես» («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Ճիշտ է՝ «Ընդհանրապես բանալին դու ես»։ Իսկ եթե պետք է միտքը շեշտել, ընդգծել, ապա՝ «Ընդհանրապես բանալին հենց դու ես» կամ «Ընդհանրապես բանալին դու ինքդ ես»։

«Բայց բոլոր ասպետներն այդպիսինը չեն» («Խիզախ ասպետը»)։

Այս դերանունը որոշիչ հոդ ստանում է, բայց միայն մեկը՝ այդպիսի-այդպիսին։ Դու այդպիսին չես, ես այսպիսին եմ-ի փոխարեն հաճախ լսում ենք՝ դու այդպիսինը չես, ես այսպիսինն եմ։

Ճիշտ է՝ «Բայց բոլոր ասպետներն այդպիսին չեն»։

Նույն սխալն է՝

«Ե՞րբ ես հասկանալու, որ ես այդպիսինը չեմ» («Ուրախ ագարակ»)։

Ճիշտ է՝ «Ե՞րբ ես հասկանալու, որ ես այդպիսին չեմ»։

«Մի՛ անհանգստացիր, առայժմ հանգստացի՛ր» («Խիզախ ասպետը»)։

Սա բառախաղ չէ, այլ վատ թարգմանություն։ Ինչպես մուլտֆիլմի բնագրում՝ գերմաներենում, այնպես էլ անգլերենում ու ռուսերենում անհանգստանալ նշանակող բառի հիմքում հանգիստ-ը չէ։ Ռուսերեն թարգմանության մեջ ասվում է․ «Не переживай, пока отдохни»։

«Մի՛ մտահոգվիր, առայժմ հանգստացի՛ր»։ Այս խնդրի բազում լուծումներից մեկն է սա, որ առաջարկում ենք։

«․․․․որպեսզի ստանամ ցանկությունս» («Խիզախ ասպետը»)։

Սխալ ձևակերպում է։

Ճիշտ է՝ «․․․․որպեսզի ստանամ ուզածս» կամ «․․․․որպեսզի ցանկությունս կատարվի»։

«Նրանք մեզ հետ ի՞նչ կանեն» («Խիզախ ասպետը»)։

Հետ կապով այս սխալ կառույցն ամենուր է։ Սա նույնպես օտար լեզվից պատճենում է։

Ճիշտ է՝ «Նրանք մեզ ի՞նչ կանեն»։

Նույն սխալն են՝

«Քեզ հետ ի՞նչ է պատահել» («Բունի արջուկները», «Թռչող կապիկների ներխուժումը», «Ուրախ ագարակ»)։

Ճիշտ է՝ «Քեզ ի՞նչ է պատահել»։

«Ջուր լցրեք վրան, և ինչ կլինի հետը» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Այստեղ ճիշտ է՝ «Ջուր լցրեք վրան, և ինչ կլինի նա»։ Նախընտրելի է՝ «Ջուր լցրեք վրան, և տեսեք՝ նա ինչ կլինի»։

«Ինչ-որ բան այնպես չէ այս հեծանիվների հետ» («Բունի արջուկները»)։

Ճիշտ է՝ «Այս հեծանիվներին ինչ-որ բան է պատահել/եղել»։

«Բարձրացի՛ր ծնկից» («Խիզախ ասպետը»)։

Թարգմանված են ոչ թե նախադասությունը, միտքը, այլ առանձին բառերը։

Ճիշտ է՝ «Վե՛ր կաց» կամ «Կանգնի՛ր»։

«Բայց նա բնավորություն ունի» («Խիզախ ասպետը»)։

Բնավորություն բոլո՛րն ունեն։ Իսկ ռուսերենում այս արտահայտությունը նշանակում է բարդ, ընդգծված բնավորություն ունենալ։

Այստեղ ճիշտ է՝ «Բայց նա ծանր բնավորություն ունի»։ Նախընտրելի է՝ «Բայց նա համառ է»։

«Դրա մասին ավելի ուշ կխոսեմ» («Բունի արջուկները»)։

Այս ավելի ուշ-ը լայն տարածման լեզվական բացիլ է։

Ավելի-ն համեմատություն է ցույց տալիս։ Եթե մեկը ուշ չի խոսել, մյուսը չի կարող խոսել ավելի ուշ։ Սա հայերեն հետո-ն է։

Ճիշտ է՝ «Դրա մասին հետո կխոսեմ»։

Նույն սխալն է՝

«Ավելի ուշ տեղադրման աշխատանքներին կանցնենք» («Նապաստակների դպրոցը»)։

Ճիշտ է՝ «Հետո տեղադրման աշխատանքներին կանցնենք»։

«Հե՛յ, ես վախենալու եմ» («Ուրախ ագարակ»)։

Ոչ ոք չի պատրաստվում վախենալ։ Նշվածը բայ չէ, այլ ածական՝ ոչ թե –ալու, այլ –ալի վերջածանցով։

Ճիշտ է՝ «Հե՛յ, ես վախենալի եմ»։

Նույն սխալն է՝

«Վի՛ կ, էստեղ վախենալու է» («Բունի արջուկները»)։

Ճիշտ է՝ «Վի՛կ, էստեղ (այստեղ) վախենալի է»։

«Ուրախ եմ ձեզ կրկին տեսնել» («Բունի արջուկները»)։

Խիստ տարածված օտարամուտ արտահայտություն է։

Հաճելի հանդիպման ժամանակ հայերեն ասում են՝ «Ուրախ եմ, որ ձեզ տեսա» կամ «Լավ է/լավ էր, որ հանդիպեցինք»։

Նույն սխալն են․

«Կլարա, ուրախ եմ քեզ տեսնել» («Ուրախ ագարակ»)։

Ճիշտ է՝ «Կլարա, ուրախ եմ, որ քեզ տեսա» կամ «Լավ է, որ հանդիպեցինք, Կլարա»։

«Ուրախ եմ ծանոթանալ Ձեզ հետ, վարպետ Բաջե» («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Ճիշտ է՝ «Ուրախ եմ, որ ծանոթացա Ձեզ հետ, վարպետ Բաջե»։

«Նա պետք է մահանար։ Բայց եկեք հերթականությամբ սկսենք» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Հերթականությամբ կարելի է պատմել, բայց ո՛չ սկսել։

Ճիշտ է՝ «․․․․ Բայց եկեք հերթականությամբ պատմենք» կամ «․․․․ Բայց եկեք սկսենք սկզբից»։

«Այս հիմարները ուտում են գողերը և քնում են»։ («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Ուզում է ասել՝ «Գողերը ուտում են այս հիմար բաները և քնում են»։

«Ես այդքան էլ չեմ տուժել» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Ամենահաճախ հանդիպող սխալներից է։ Հայերենում կա այնքան էլ արտահայտությունը, որը ունի ոչ բոլորովին կամ բոլորովին էլ ոչ իմաստները։ Այդ իմաստները չունեն այդքան էլ կամ այսքան էլ՝ վերջին շրջանում տարածված արտահայտությունները։

Ճիշտ է՝ «Ես այնքան էլ չեմ տուժել»։

Նույն սխալն է՝

«Դուք բերե՞լ եք իմ ցախավելը։/Ոչ, այդքան էլ չէ» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Ճիշտ է՝ «․․․․ Ոչ, այնքան էլ չէ»։

Կերպարներից մեկը թեյ է խմում ու մյուսին հարցնում է․ «Այս ի՞նչ ես խառնել մեջը» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Թեյի (կամ որևէ այլ բանի) մեջ լցնում են, իսկ թեյին խառնում են։

Ճիշտ է՝ «Այս ի՞նչ ես լցրել մեջը» կամ «Այս ի՞նչ ես խառնել թեյին»։

«Նա իրեն այսպես է պահում նրան գտնելուց ու քաղաք բերելուց հետո» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Իր/իրենք-ի փոխարեն հաճախ են գործածում նա/նրանք դերանունները։ Նաև՝ ձևակերպումը շտկելու կարիք կա։

Ճիշտ է՝ «Նա իրեն այսպես է պահում այն բանից հետո, երբ իրեն գտան ու քաղաք բերեցին»։

Նշված դերանունների սխալ գործածության այլ դեպքեր․

«Շունը հասկացավ, որ ես նրանից ուժեղ եմ» («Հարևան արջուկները»)։

Ճիշտ է՝ «Շունը հասկացավ, որ ես իրենից ուժեղ եմ»։

«Նրան սկսել է թվալ, որ ագարակում ինչ-որ մեկը նրա դեմ դավեր է նյութում» («Ուրախ ագարակ»)։

Այստեղ նաև թվալ բայի հետ նախընտրելի է գործածել ոչ թե որ, այլ երկբայություն արտահայտող թե շաղկապը։

Ճիշտ է՝ «Նրան սկսել է թվալ, թե ագարակում ինչ-որ մեկը իր դեմ դավեր է նյութում»։

«Կանգնի՛ր այստեղ և աչքդ ցախավելի վրայից չհանես» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Տարօրինակ առաջարկ է։

Ճիշտ է՝ «Կանգնի՛ր այստեղ և աչքդ ցախավելից չկտրես»։

«Սա նրա քթերից է գալու» («Հարևան արջուկները»)։

Նշված բառը հոգնակիով գործածելը ճիշտ չէ ո՛չ ուղիղ, ո՛չ փոխաբերական իմաստով։

Ճիշտ է՝ «Սա նրա քթից է գալու»։

«Սա լավագույն կրկեսն էր, այո՞» («Հարևան արջուկները»)։

Սա վերջին շրջանի լեզվական մտահոգություններից է։ Մենք՝ հայերս, մեր ասածը ճշտելու, հաստատելու համար խոսքի վերջում հարցնում ենք ոչ թե հա՞ կամ այո՞, այլ չէ՞։ Սա մտածողության ձև է, որը չի կարելի խաթարել։

Ճիշտ է՝ «Սա լավագույն կրկեսն էր, չէ՞»։

Մուլտֆիլմում մի քանի անգամ գործածվում է արևին դիպչած արտահայտությունը («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Ճիշտ է՝ արևին դիպած։

«Ես կուզեի քեզ նման լինել, կապիկների արքա։ Ա՛յ թե բոլորը ո՜նց կզարմանային» («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Ա՛յ թե-ն ու ո՜նց-ը միաժամանակ չեն կարող գործածվել։

Ճիշտ է՝ «․․․․Ա՛յ թե բոլորը կզարմանային» կամ «․․․․Ո՜նց կզարմանային բոլորը»։

«Քեզ մոտ կաշի ու ոսկոր է» («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Կապիկի մոտ ո՛չ կաշի կար, ո՛չ ոսկոր։ Սա մոտ կապի սխալ՝ օտարաբան կիրառություն է։

Ճիշտ է՝ «Դու կաշի ու ոսկոր ես»։

Մոտ կապի սխալ գործածության այլ դեպքեր՝

«Քեզ մոտ ամեն ինչ կստացվի»։ («Փոքրիկ մեծ հերոսը», «Թռչող կապիկների ներխուժումը», «Փիղ թագավորը»)։

Ճիշտ է՝ «Դու ամեն ինչ կկարողանաս»։

«Ամենալավ թխվածքները ինձ մոտ են ստացվելու» («Ուրախ ագարակ»)։

Ճիշտ է՝ «Ամենալավ թխվածքները ես եմ թխելու»։

«Կարող եք հանգիտ զբոսնել քաղաքով»։

(«Փոքրիկ մեծ հերոսը»)։

Զբոսնում են քաղաքում, փողոցում, այլ ոչ քաղաքով, փողոցով։

Ճիշտ է՝ «Կարող եք հանգիտ զբոսնել քաղաքում»։

«Գողերին հետաքրքրում էր միայն չինական ցուցանմուշները» («Փոքրիկ մեծ հերոսը»)։

Թվային անհամաձայնության դեպք է․

Ճիշտ է՝ «Գողերին հետաքրքրում էին միայն չինական ցուցանմուշները»։

Նույն սխալն է՝

«Գիտե՞ս ինչ եմ անում նրանց հետ, ով անարգում է իմ ամրոցը» («Փիղ թագավորը»)։

Այստեղ նաև հետ կապի սխալ կիրառություն կա, որի մասին վերևում խոսվել է։

Ճիշտ է՝ «Գիտե՞ս ինչ եմ անում նրանց, ովքեր անարգում են իմ ամրոցը» («Փիղ թագավորը»)։

«Սեփական մորն անդունդը գցեց» («Փիղ թագավորը»)։

Նախընտրելի է՝ «Հարազատ մորն անդունդը գցեց»։

«Հաջողություն եմ մաղթում նապաստակների այս փարախում» («Նապաստակների դպրոցը»)։

Սխալ ձևակերպում է․

Ճիշտ է՝ «Հաջողություն եմ մաղթում նապաստակների այս փարախին» կամ «Մաղթում եմ, որ հաջողություն լինի նապաստակների այս փարախում»։

«Հե՛յ, լավ մաքրիր։/Առանց այդ էլ ջանք չեմ խնայում» («Նապաստակների դպրոցը»)։

Ճիշտ է՝ «․․․․Առանց այն էլ ջանք չեմ խնայում»։

«Ես հրուշակագործ էքսպերտ կդառնամ, Ռոզա» («Ուրախ ագարակ»)։

Նշված բառը հայերեն համարժեք ունի։

Ճիշտ է՝ «Ես հրուշակագործ փորձագետ կդառնամ, Ռոզա»։ Նախընտրելի է՝ «Ես հրուշակագործության փորձագետ կդառնամ, Ռոզա»։

«Պետք չէ լսել այն, ինչ ասում են մնացածը» («Ուրախ ագարակ»)։

Ուրիշների մասին մնացածը ասելը «թարմ» սխալ է։ Կանխել է պետք։

Խմբագրենք նախադասությունը՝ «Պետք չէ լսել, թե ուրիշներն ինչ են ասում»։

«Պետք է բռնել գողին, մինչև մայրիկն ինձ կտանի» («Ուրախ ագարակ»)։

Սա նույնպես խմբագրենք՝ «Պետք է բռնել գողին, քանի դեռ մայրիկն ինձ չի տարել»։

«Կներես, որ ստել էի քեզ, Կարի» («Ուրախ ագարակ»)։

Սխալ բառ է ընտրված։ Ստելու և խաբելու տարբերությունն այն է, որ ստելը կրող չի պահանջում, իսկ խաբելը պահանջում է (ես ստել էի, ես խաբել էի քեզ)։ Ստուգենք՝ մեկը կարող է խաբվել, բայց չի կարող ստվել։

Ուրեմն ճիշտ է՝ «Կներես, որ խաբել էի քեզ, Կարի»։

Ներկայացնում ենք օտար լեզվամտածողությամբ հայերեն թարգմանված մտքեր՝ առանց մեկնաբանության․

Արջը անտառի կենդանիներին ասում է․ «Հե՛յ, ինչ եք կանգնել, աշխատանքի՛ անցեք» («Բունի արջուկները»)։

Ճիշտ է՝ «Հե՛յ, ինչ եք կանգնել, գործի՛ անցեք»։

«Ինչպե՞ս եմ ես մեղավոր» («Բունի արջուկները»)։

Ճիշտ է՝ «Ինչո՞վ եմ ես մեղավոր»։

«Տեսնենք քեզ վանդակում ինչպե՞ս դուր կգա» («Բունի արջուկները»)։

Ճիշտ է՝ «Տեսնենք քեզ վանդակում դուր կգա՞»։

«Դու ուժեղ չես, ոչ էլ խելացի։/Ինչի՞ց վերցրիր» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Ճիշտ է, օրինակ՝ «Դու ուժեղ չես, ոչ էլ խելացի։/Ի՞նչ իմացար/Ինչի՞ց եզրակացրիր»։

«Իսկ դու տարօրինակություններով ես, Թրենք» («Խիզախ ասպետը»)։

Ճիշտ է՝ «Իսկ դու տաօրինակ ես, Թրենք»։ Կամ «Իսկ դու տարօրինակություններ ունես, Թրենք»։

«Խնդիրը նրանումն է, որ ես ընդհանրապես տեխնիկ չեմ» («Թռչող կապիկների ներխուժումը»)։

Ճիշտ է՝ «Խնդիրն այն է, որ ես ընդհանրապես տեխնիկ չեմ»։

«Ուրեմն մենք քեզ հետ ընկերնե՞ր ենք» («Ուրախ ագարակ»)։

Ճիշտ է՝ «Ուրեմն մենք ընկերնե՞ր ենք» կամ «Ուրեմն ես ու դու ընկերնե՞ր ենք»։

«Հնարքի իմաստն ինչո՞ւմ է» («Նապաստակների դպրոցը»)։

Ճիշտ է՝ «Հնարքի իմաստը ո՞րն է»։

Մեր այս և նախորդ ամփոփագրերում ներկայացված մուլտֆիմերն արդեն կրկնօրինակվել ու ցուցադրվում են։ Թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները այս բոլոր լեզվական սխալներն ընդունում են «ի գիտություն»։

Այդուհանդերձ մեր կատարած աշխատանքն ուշացած ու անտեղի չի լինի, եթե թարգմանիչներն ու խմբագիրները ձեռքի տակ ունենան այս դիտողությունները և նշված սխալներն այլևս չկրկնվեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ