«Մետաղական առակայով հարվածել է ու հետո «պուկ» փախել դեպի զուգարան»․ Ալեքսանյան

«Գիտեմ, որ քննարկված հարցի հետ մեծ հաշվով կապ էլ չուներ այդ միջադեպը, որովհետև ինչքան հասկանում եմ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանն ընդամենը նկատողություն է արել, ինչը բոլոր նիստերի ժամանակ լինում է, դրան հաջորդել է երիտասարդ վարորդի ոչ ադեկվատ պահվածքը:

Նա նկատողությունից հետ շատ տաքացած վեր է կացել ու ձեռքում շողացող մետաղական առարկայով հարվածել է ու հետո ինչպես կասեր դասականը՝ «պուկ» փախել է»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ըստ մամուլի՝ երիտասարդին զուգարանից են գտել, տարել են բաժին, հիմա հարցաքննվում են. «Պարոն Վարդանյանի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, աչքին մի քանի կար են դրել: Շատ զարմանալի է, որ «Հայաստան» խմբակցությունից տարատեսակ պատգամավորներ փորձում են իրավիճակը ներկայացնել, թե սադրել է Վլադիմիր Վարդանյանը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Վարդանյանի հանրային գործունեությունը բոլորին էլ ծանոթ է: Կարծում եմ՝ այդ վարորդ-պատգամավորը պետք մանդատը վայր դնի, որովհետև նման խուլիգանություն, նման լկտիություն առհասարակ չի կարելի ուղղակի թույլ տալ: Պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության տղամարդ պատգամավորներից ներկա են եղել միայն Վլադիմիր Վարդանյանը և Վիգեն Խաչատրյանը: Ուղղակի փոքրոգի խուլիգանություն է այդպիսի պայմաններում այդպիսի քայլի դիմել՝ մտածելով, որ մեծ մարդիկ են՝ դժվար թե կարողանան արձագանքել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ