Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանն ու նշել տարբերակներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը The Wall Street Journal պարբերականի ամերիկացի լրագրողի ձերբակալությունից հետո Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կրկին հորդորել է անհապաղ լքել երկիրը:

«Ես կցանկանայի հստակ հայտարարել, որ ԱՄՆ քաղաքացիների համար անվտանգ չէ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելը»,- ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները, որոնք ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ հեռանան՝ համաձայն մեր վերջին ճամփորդական խորհրդատվության»,- հավելել է փոխխոսնակը՝ նշելով, որ քաղաքացիները Ռուսաստանից հեռանալու համար պետք է դիմեն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը:

Պատելը հավելել է, որ պետդեպարտամենտը դատապարտում է լրագրողներին և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու, ճնշելու և պատժելու Կրեմլի շարունակական փորձերը:

Սպիտակ տունը ավելի վաղ հերքել էր Ռուսաստանի կողմից կալանավորված The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի դեմ լրտեսության մեղադրանքները՝ դրանք որակելով «ծիծաղելի» և ասել, որ հիմքեր չկան այդ մեղադրանքները հավաստի համարելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունից հետո Ռուսաստանում բնակվող ամերիկացիներին կոչ է արել լքել երկիրը։

Նշենք, որ ավելի վաղ Եկատերինբուրգում ձերբակալվել էր The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը՝ փորձելով պետական գաղտնիք կազմող գաղտնի տեղեկատվություն ստանալ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին, պնդում են քննիչները։

Լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան կարող է սպառնալ 10-20 տարի ժամկետով ազատազրկում։

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Գերշկովիչին երկու ամսով կալանավորել է։ Լրագրողին կպահեն Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։ Միաժամանակ նրա փաստաբան Դանիիլ Բերմանը խոստացել է բողոքարկել կալանքը և պահանջել ծանոթանալ գործի նյութերին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերշկովիչին բռնել են հանցագործության հիմքով: Նա նաև հերքել է տեղեկությունները, թե լրագրողի կալանավորումը Մոսկվայի պատասխան միջոցն է ռուս Սերգեյ Չերկասովի դեմ լրտեսության մեղադրանքի դեմ, որը առաջադրվել էր անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունների կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ