Ուզում եմ վստահություն հայտնել, որ նորաթուխ պատգամավորը կզրկվի մանդատից խուլիգանության համար. Սաֆարյան

Խստիվ դատապարտում եմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ գործադրված տմարդի և ցինիկ բռնությունը, և ուզում եմ վստահություն հայտնել, որ Հայաստան խմբակցության նորաթուխ պատգամավորը կզրկվի պատգամավորական մանդատից և կենթարկվի քրեական պատասխանատվության խուլիգանության համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Ըստ կայքերում հայտնված տեղեկատվության՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստում պատրաստվելիս են եղել քննարկել Միջազգային քրեական դատարանին միանալու Հռոմի կանոնադրության հարցը, և նորաթուխ պատգամավորի՝ կանոնակարգի խախտումով ու ագրեսիվ բարձրացրած հարցը վերաբերել է Ռուսաստանին… Պատգամավորը ագրեսիվ տոնով բացատրություն է պահանջել, թե ի՞նչ կարծիքի են իշխող կուսակցությունն ու հանձնաժողովը Ռուսաստանի մասին, ինչին ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը պահանջել է չխախտել կանոնակարգը և սպասել իր հարցերի պատասխանն ստանալուն: Դրան հաջորդել է երիտասարդի սաստիկ «տղամարդկային» քայլը՝ հանձնաժողովի նախագահին վնասվածք հասցնելն ու կայծակնային արագությամբ կանացի զուգարան փախչելը..

Մինչ իրավապահները կզբաղվեն Ազգային ժողովը ախոռի հետ շփոթած պատգամավորով, անհնար է հրապարակային հարց չտալ.

1. Ի՞նչ գործ ունի Ռուսաստանի շահերը հետապնդող պատգամավորը, խմբակցությունը Ազգային ժողովում…

2. Ինչո՞ւ պետք է նման ուժը կրի Հայաստան անվանումը՝ մեր երկրի անվան տակ անթաքույց դարձնելով, որ իրենց սրտում և մտքում այլ երկիր է…

3. Իշխող քաղաքական ուժը պատասխանատվություն չի՞ զգում այն բանի համար, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտավոր էր չեղյալ համարել այս ուժերի գրանցումը և թույլ չտալ ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև հայտնվել խորհրդարանում:

Հետգրություն. Նորաթուխ պատգամավորի մասնագիտական անցյալի մասին համացանցում հայտնված տեղեկատվութունն ընթերցելիս ակամայից հիշեցի, որ գրեթե ամիս առաջ Հայաստան խմբակոության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ պաշտոնական օրգան yerkir.am-ը զարմացել ու «շահերի», «բարեվարքության խախտում» էին հայտնաբերել նաև այն բանում, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր անվտանգային ու այլ նկատառումներով վարորդ է վերցրել Արցախյան 3 պատերազմների մասնակից ամուսնուն: Իսկ որ իրենք երկրի օրենսդիր մարմին են բերել իրենց վարորդին, որը «պատգամավորական գործունեությունը» համատեղում է խուլիգանության հետ, այ դրանից զարմացած չեն:

Շուտափույթ ապաքինում և զորակցություն Վլադիմիր Վարդանյանին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ