Հերքում. Ազատություն ռադիոկայան-Հայաստանի Հանրապետությունում ՌՖԵ/ՌԼ ինկ.-ի մասնաճյուղին

Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը հերքում է տարածել` կապված Ազատություն ռադիոկայանի հրապարակման հետ. որը ներկայացնում ենք ստորև:

Ազատություն ռադիոկայանը (այսուհետ՝ Ռադիոկայան) 24.03.2023 թ. հրապարակում է կատարել իր կայքում /www.azatutyun.am/ և Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ցածր գին, թե՞ կոռուպցիա» և ««Պսևդո, կամ՝ ոչ պսևդո սկանդալ»՝ արար երկրորդ․ Ոստիկանություն-«Սիլ Ինշուրանս» գործարքի կոռուպցիոն ռիսկերը» վերնագրերով: Ակնհայտ է, որ Ռադիոկայանը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) անվանումը կապում է կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի հետ՝ դրանով իսկ անհիմն ձևով արատավորելով վերջինիս 23 տարվա ընթացքում ձեռք բերած գործարար համբավը, քանի որ Ընկերությունն ինքն է բազմիցս պայքարել գնումների համակարգում (բոլորիս հայտնի) տիրող կոռուպցիոն ռիսկերի և անառողջ մրցակցության դեմ:

Տվյալ դեպքում իրականությունն այն է, որ ՀՀ ոստիկանությունը 2022 թ. նոյեմբերին հարցումներ է կատարել բոլոր ապահովագրական ընկերություններին՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն տրանսպորտային միջոցների «ԱՊՊԱ» և «ԿԱՍԿՈ» ապահովագրավճարների վերաբերյալ, քանի որ նախկինում կնքված նույն պայմանագրերի ժամկետները լրանալիս են եղել: Նշված հարցմանն ի պատասխան՝ Ընկերությունը ևս գնառաջարկ է ներկայացրել ՀՀ ոստիկանությանը:

Նշենք, որ ինչպես ՀՀ կառավարության համապատասխան նիստով հայտարարեց ՆԳՆ նախարարը, Ընկերությունը նվազագույն գնային առաջարկ ներկայացնողն է եղել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ ապահովագրության պայմանագրերը կնքվեն Ընկերության հետ: Դա ուղղակիորեն բխում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի էությունից և տրամաբանությունից, քանի որ այդ գործընթացում նախապատվությունը տրվում է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին:

Ընդ որում, գնման գործընթացը պետք է ուղղված լինի հանրային միջոցների առավել արդյունավետ եւ նպատակային օգտագործմանը, և դրա կազմակերպումը պետք է լինի՝

· տնտեսող, այսինքն՝ նախատեսված արդյունքին հասնել պետական ֆինանսական միջոցների մինիմալացմամբ, և

· արդյունավետ, այսինքն՝ երբ ապահովվում է կատարված ծախսի և պատվիրատուի /տվյալ դեպքում՝ ՆԳՆ-ի/ համար դրա օգտակարության միջև պատշաճ հարաբերակցությունը: Ընդգծենք, որ մի քանի ամիս է, ինչ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ պայմանագրերը կնքվել են, սակայն արդեն բազմաթիվ պատահարներ են եղել ապահովագրված ավտոմեքենաների մասնակցությամբ, և վնասաբերությունը 2 ապահովագրությունների գծով էլ հասել է մոտ 90 տոկոսի:

Ընդ որում, հրապարակման մեջ հայտնած Ռադիոկայանի այն փաստին, որ Ընկերությունը հայտնել է, որ Ոստիկանությունը իրենից ԱՊՊԱ-ի գին ընդհանրապես չի հարցրել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ընկերությունը 07.03.2023 թ. գրությամբ պաշտոնապես հայտնել է, որ Ռադիոկայանի կողմից հարցված հոկտեմբեր ամսին Ոստիկանությունը միայն Կասկո ապահովագրատեսակի գծով գնառաջարկի ներկայացման համար է դիմել։ Հավանաբար, մյուս ապահովագրական ընկերություններն էլ են հարցման մեջ նշված ժամանակահատվածը հաշվի առնելով՝ պատասխանել, որ Ոստիկանությանը ԱՊՊԱ-ի սակագին չեն առաջարկել:

Նշվածը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ Ռադիոկայանի հրապարակման ժամանակ արտահայտված այն կարծիքը, որ այս գործարքը տեղիք է տալիս, որ կասկածներ լինեն, անհիմն է, քանի որ առավել քան ակնհայտ է, որ ոստիկանությունը հանրային միջոցները արդյունավետ է օգտագործել՝ ԿԱՍԿՈ պայմանագիրը կնքելով տրանսպորտային միջոցների արժեքի 1.1 % խնայողությամբ, իսկ ԱՊՊԱ պայմանագրերը՝ մոտ 2.5 մլն դրամ խնայողությամբ: Բացի այդ, դրանք նաև նպատակային են օգտագործվում, քանի որ Ոստիկանության տրանսպորտային միջոցները, ոլորտի յուրահատկությամբ պայմանավորված, ավելի շատ պատահարներ են ունենում, իսկ ԿԱՍԿՈ ապահովագրության շրջանակներում դրանք հնարավոր է լինում վերանորոգել կամ վնասը վերականգնել՝ առանց հանրային միջոցների ծախսման:

Ուշագրավ է, որ նախորդ տարիներին ևս Ոստիկանության կողմից կնքվել են ԿԱՍԿՈ պայմանագրեր տրանսպորտային միջոցների համար, սակայն մեկ այլ ապահովագրական ընկերությունում` «Ռեսո» ԱՓԲԸ-ում, և կրկին նույն եղանակով՝ մեկ անձից գնումներ կատարելու միջոցով, որը ևս հրապարակվել է e-gov.am կայքում: Նույն կայքում՝ «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում հրապարկվել են նաև Ոստիկանության և Ընկերության միջև կնքված բոլոր գործարքները, ուստի այս հիմքով ևս այդ գործարքների կասկածելի լինելու մասին խոսք գնալ չի կարող: Այլ կերպ ասած, Ընկերության հետ համապատասխան պայմանագրերը կնքելով՝ պետական շահը որևէ կերպ չի խախտվել, հանրային միջոցները որևէ կերպ չեն վատնվել և դրանց նպատակային օգտագործումը կասկածի տակ չի դրվել, անգամ հարցմանը մասնակցած որևէ ապահովագրական ընկերություն բացահայտ դժգոհություն չի հայտնել և չի բողոքարկել գնման արդյունքները: Հակառակը՝ դրանք խնայողությամբ և նպատակային են օգտագործվել, ինչը սակայն, առանց որևէ հիմքի, այլ կերպ է որակվել Ռադիոկայանի կողմից, այն է՝ «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք»:

Ինչ վերաբերում է Ռադիոկայանի այն հրապարակմանը, որ Ընկերությունը այս տարի Ոստիկանությունից մոտ կես միլիոն դոլար (ավելի ուշ հայտնում է երեք հարյուր հազար դոլարի մասին) կստանա, հարկ ենք համարում ընդգծել, որ նման տեղեկատվությունը լսելով՝ հասարակության մոտ կարող է սխալ կարծիք ձևավորվել, որ դա Ընկերության համար շահութաբեր գործարք է՝ չվերլուծելով, որ այս գործարքը բարձր ռիսկեր է պարունակում վնասաբերության տեսանկյունից, որի մասին արդեն նշեցինք: Արդյունքում կարող է թյուր ըմբռնում ձևավորվել հասարակության մոտ Ընկերության հանդեպ՝ վնասելով վերջինիս գործարար համբավին:

Նշենք, որ «Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ-ում այս պահին Ընկերության դեմ քննվող վարույթի շրջանակներում (Բյուրոն քննում է Ընկերության կողմից Ոստիկանությանը ԱՊՊԱ պայմանագրերի գծով սահմանվածից ցածր գին առաջարկելու հարցի իրավաչափությունը) Ոստիկանության ԱՊՊԱ պայմանագրերի արժեքը կես միլիոն դոլար չէ, ինչպես որ առանց հիմնավորելու, Ռադիոկայանը հայտնել է իր հրապարակման մեջ, այլ մոտ 3 անգամ պակաս: Անշուշտ, Բյուրոյի կողմից իրականացվելիք բազմակողմանի և օբյկետիվ քննությունը ցույց կտա՝ արդյո՞ք Ընկերությունը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, թե՝ ոչ, սակայն մինչ դրա վերաբերյալ Բյուրոյի կողմից որոշում կայացնելը (Ընկերությունը Բյուրոյին ներկայացրել է բոլոր իրավական և փաստական հիմքերը գործարքը նման կերպ կնքելու իրավաչափության վերաբերյալ),հա րկ ենք համարում բարձրաձայնել, որ Ընկերությունը Ոստիկանությանը ԱՊՊԱ պայմանագրերի մասով մոտ 5 տոկոս նվազ գնառաջարկ է ներկայացրել մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Մասնավորապես, ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձին 20.12.2021 թ. Ընկերության կողմից ներկայացվել է բողոք՝ ՊԵԿ-ի կողմից հայտարարված ԱՊՊԱ ծառայությունների մատուցման մրցույթի ընտրված մասնակից ճանաչված «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը անբավարար գնահատելու և մերժելու մասին (ծածկագիր՝ «ՊԵԿ-ԳՀԾՁԲ-21/7»), քանի որ վերջինիս կողմից ներկայացված նվազագույն գինը հաշվարկվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ (հաշվարկվել է այնպես, ինչպես որ Ընկերությունն է հաշվարկել Ոստիկանության դեպքում): Ընդ որում, Ընկերությունը Բողոքի հիմքում դրել էր Ռադիոկայանին ուղղված՝ Բյուրոյի գրության մեջ մատնանշված ԱՊՊԱ ընդհանուր պայմանների Հավելված 3-ի համապատասխան պահանջները:
Սակայն, ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից վերոնշյալ Բողոքը մերժվել է՝ հետևյալ հիմնավորումներով.
«Պետական գնումների մասին օրենսդրությունը, հիմնվելով գնման գործընթացի մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային, ոչ խտրական, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարության սկիզբունքների վրա, նպատակ է հետապնդում ապահովելու գնումների գործընթացում հատուցման դիմաց պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ՝ կարիքին համապատասխան ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը՝ համարժեք հատուցմամբ, և որ ամենակարևորն է՝ գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման ապահովումը»:

Զարգացնելով վերոգրյալ միտքը, Բողոքներ քննող անձը փաստել է, որ «պետական գնումների ընթացակարգերի կազմակերպումը պետք է լինի տնտեսող» սկզբունքը ենթադրում է նախատեսվող արդյունքին կամ նպատակին հասնելու համար նախատեսված ռեսուրսների, ֆինանսական միջոցների մինիմալացումը՝ պահպանելով նախապես սահմանված որակը: Ուստի, «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով… Իրավական նորմերի համակարգված վերլուծության արդյունքում Բողոքներ քննող անձը հանգել է այն եզրակացության, որ հասարակական կազմակերպություն հանդիսացող, ըստ այդմ՝ այդպիսի կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող Բյուրոյի կողմից ընդունված որևէ կանոն, իրավական առումով, չի կարող գնումների օրենսդրության հետ իրավական հակասությունների իրավիճակ առաջանալու դեպքում ունենալ հավասար կամ առավել ևս ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող դրույթ:
Իրավական նորմերի համակարգված վերլուծության արդյունքում Բողոքներ քննող անձը հանգել է այն եզրակացության, որ հասարակական կազմակերպություն հանդիսացող, ըստ այդմ՝ այդպիսի կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող Բյուրոյի կողմից ընդունված որևէ կանոն, իրավական առումով, չի կարող գնումների օրենսդրության հետ իրավական հակասությունների իրավիճակ առաջանալու դեպքում ունենալ հավասար կամ առավել ևս ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող դրույթ:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ վերոնշյալ ապահովագրական ընկերության կողմից Բյուրոյի սահմանած պահանջների խախտմամբ ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ գնառաջարկ ներկայացնելը Բողոքներ քննող անձը դիտարկել է որպես իրավաչափ գործարք՝ մերժելով Ընկերության բողոքը: Նման կարգավորումը Ընկերության մոտ ողջամիտ ընկալում է առաջացրել, որ հօգուտ պետական շահի՝ նվազ գին առաջարկելը ոչ միայն խախտում չէ, այլև իրավաչափ է, ինչպես նաև՝ ելնելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված առողջ մրցակցության, ազատ տնտեսական մրցակցության և սոցիալական արդարության սկզբունքներից՝ Ոստիկանությանը առաջարկել է ավելի ցածր գին, քան սահմանվել է Բյուրոյի կողմից:

Շատ ցավալի է, որ մեր երկրում լրագրողական հետաքննությունը մեծամասամբ չի իրականացվում բազմակողմանի և օբյեկտիվ ձևով, կամ հանրությանը ներկայացվում է այն թերի և ոչ ամբողջական, որպիսի պատկերն առկա է նաև այս դեպքում: Մասնավորապես, նման հրապարակում կատարելուց առաջ Ռադիոկայանի լրագրողը միանշանակ իմացել է, որ նախկինում էլ Ոստիկանությունը ապահովագրման ծառայությունները ձեռք է բերել մեկ անձից գնում կատարելու միջոցով, ինչը թափանցիկ և բացահայտ ձևով դրված է e-gov.am կայքում: Սակայն Ռադիոկայանը դրա մասին լռել է, մինչդեռ հանուն արդարության վերջինս կարող էր և պարտավոր էր նշել, որ նախորդ տարիներին նույն ծառայությունները Ոստիկանության կողմից ձեռք են բերվել նույն սկզբունքով: Կարծում ենք, որ նման կողմնակալ մոտեցումն առաջին հերթին ուղղված է եղել Ընկերության գործարար համբավն արատավորելուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ