«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել դատարան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ երեկ Անիում և Սիսիանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ ընտրակաշառքի մասին հնչող խոսակցությունների համար պատրաստվում են դիմել դատարան։

«Բոլոր հրապարակումների մասով դիմելու ենք դատարան՝ պահանջելու վարչական պատասխանատվության ենթարկել այդ զրպարտանքը տարածողներին և տպագրել հերքում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։

Ալեքսանյանի գնահատմամբ՝ ընտրություններն անցել են բավական դրական, ինչը պարտավորեցնող է․ «Ինչպես խոստացել ենք, կատարելու ենք թե՛ մեր նախընտրական ծրագրերը, թե՛ խոստումները, որոնց համար պատասխանատու ենք ամբողջ թիմով։ Քաղաքացին կայացրել է իր որոշումը»։

Նշենք, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրերը տարածել էր «Հրապարակ» օրաթերթը: Լրատվամիջոցը «ՔՊ-ական թեկնածուն ձեռքը մտցնում է քաղաքացու գրպանը» վերտառությամբ տեսանյութ էր հրապարակել՝ հավանաբար ակնարկելով, որ Սիսիանի համայնքապետի ՔՊ թեկնածուն քաղաքացուն ընտրակաշառք է տալիս։

Տեսահոլովակում երևում էր, որ քաղաքացին ողջունում է Արմեն Հակոբջանյանին և բարեմաղթանք հղում, ինչից հետո Հակոբջանյանն ասում է՝ ապրեք, շնորհակալ եմ։ Ապա քաղաքացին մոտենում է թեկնածուին, ձեռքով բարևում և մի քանի վայրկյան ձեռքը մեկնած պահելով՝ զրուցում Արմեն Հակոբջանյանի հետ։
Հիշեցնենք՝ թե՛ Սիսիանում, թե՛ Անիում երեկ տեղի ունեցած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բարձր արդյունք է գրանցել: Սիսիանում ՔՊ-ն ստացել է 7325 քվե, իսկ Անի համայնքում՝ 5180 քվե։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ