«Ուշադրությունը պետության կողմից կարևոր է, բայց առաջնայինը նվիրվածությունն է սպորտին».Բենիկ Խլղաթյան

Օրեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական կոչումներ շնորհվեցին մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել հրաձիգ Բենիկ Խլղաթյանը։ Բենիկի համար տարին բավական հաջող է ընթանում։ Հայ մարզիկը Հայաստանի հրաձգության հավաքականի կազմում իրեն հաջող է դրսևորել միջազգային մի քանի մրցաշարերում՝ դառնալով մրցանակակիր և բարձր պահելով երկրի պատիվը։
Անկախի հետ զրույցում Բենիկը կարևորում է պետական պարգևներն ու ուշադրությունը, բայց և, սպորտում հաջողության հասնելու հիմնական գրավականը համարում է նվիրվածությունը։

— Շնորհավորում ենք Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Ինչպե՞ս, ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել հրաձգությամբ։

-Շնորհակալ եմ։ Հրաձգությամբ սկսել եմ զբաղվել 14 տարեկանից։ Սկզբնական շրջանում ընկերներով մարզվում էինք հաճույքի համար, սակայն ժամանակի ընթացքում սպորտը դարձավ կյանքիս մի մասը։ Ինձ գրավեց հրաձգության յուրահատկությունը, այն, որ ինքս ինձ հետ պետք է պայքարեի արդյունքի հասնելու համար։
Նշեմ, որ    ուշադրությունը պետության կողմից հաճելի է և շատ կարևոր, բայց առաջնայինը նվիրվածությունն է սպորտին, որ պետք է ունենա յուրաքանչյուր մարզիկ։

-Որտե՞ղ եք մարզվում։
-Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։

-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Ներքին և արտաքին հավասարակշռություն և իհարկե լավ մարզիչ։ Շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը, և մենք առավել կարևորություն ենք տալիս դրան։ Նախապես տրամադրվում ենք կրակագիծ մտնելուց առաջ, որպեսզի պատվով և հնարավորինս լավ կատարենք այն աշխատանքը, որը սերտել ենք մարզումների ժամանակ։

-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
— Պատրաստվում եմ հունիսին Լեհաստանում կայանալիք Եվրոպական խաղերին և շատ լուրջ մարզումային շրջան եմ անցնում այժմ։ Ամեն բան պետք է անեմ, որ հայրենիքս պատվով  ներկայացնեմ։ Հպարտություն եմ զգում, երբ միջազգային հարթակում պատիվ եմ ունենում ներկայացնելու երկիրս և եռագույնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ