Ինտերիերի և էքստերիերի դիզայներ Վահե Քոթանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած այն փաստին, որ դեռ ժամանակ կա Հայ Առաքելական Եկեղեցու և ժողովրդական ամենասիրված տոներից մեկին՝ «Զատիկ»-ին կամ «Սբ.Հարության» տոնին՝ նախապես, կրկին, իրազեկեմ ամենայն հարգանքով և խորհրդի կարգով:
Հայկական «Զատկի» տոնի հետ կապված
Ձեր սեղաններին մի´ դրեք ո՛չ ԿՈՒԼԻՉ, ո´չ ՆԱՊԱՍՏԱԿ վերջիններս որևէ առնչություն չունեն հայոց Զատկական տոնի ծիսական սեղանի և ավանդույթի հետ: Վեր թվարկվածները սլավոնական (կուլիչ) և եվրոպական (նապաստակ) կիրառվող տարրեր են և այլոց մշակույթի պատկանող սովորություններ և խորհրդանիշներ : Տոնի խորհրդի ճիշտ պահպանմանը և մեր ազգային մշակույթին հավատարիմ մնալու համար եղե՛ք իրազեկվածˋ հետևելով խորհրդին: Զատկական տոնի սեղանին դրվում էˋորպես օրվա քաղցր թխվածք, գաթա (Ախտարքի գաթա, որի վրա պատկերել են կենդանակերպի տասներկու նշանները կամ պատկերել խաչի նշան), չորեքը կամ կաթնահունց, իսկ որպես տոնի սիմվոլիկ խորհրդաբանություն, զարդարման դեկոր կիրառվում է զատիկ միջատ, հավի ճուտիկ և կարմիր ներկված ձու»: