«Ադրբեջանը չի համարձակվի նոր էսկալացիայով զայրացնել ԱՄՆ-ին. ՀՀ-ն պիտի նոր դաշնակիցներ փնտրի». Անտինյան

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի խոսքով՝ ԱՄՆ–ից եկող ուղերձները նշան են, որ Հայաստանը արևմուտքի հետ աշխատելու բնականոն աշխատանքներին է լծված։ Ադրբեջանին զսպող միակ գործոնը Ամերիկան է։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է քաղաքագետը, անդրադառնալով՝ ԱՄՆ Պետքարտուղարության այն հայտարարությանը, թե ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերների և դաշնակիցների։

«Ռուսաստանի հետ կապված մի շարք դժգոհություններ կան․ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, երբ Ադրբեջանը ոտնձգության էր դիմում, դաշնակցի արձագանքը բացակայում էր, Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված ՌԴ–ն տարօրինակ հայտարարություններ է անում, թե ինքը Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Եթե երաշխավորը չէ, ապա ի՞նչ է։ Ուրեմն ՀՀ–ն պետք է այլընտրանքներ փնտրի, որովհետև Ադրբեջանը ցանկություն ունի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը»,– ասում է Անտինյանը։

Ըստ նրա՝ հատկապես հիմա, երբ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում, Հայաստանը պետք է իր սուվերեն տարածքի անվտանգության երաշխավորն ունենա․ «ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը, և անգամ ՄԱԿ–ը չեն կարողանում զսպել ագրեսիան, ռուս–ուկրաինական պատերազմը։ Մեր մեր դեպքում Ադրբեջանին կարող է զսպել ԱՄՆ–ն։ Նահանգները միշտ դրական է գնահատել ՀՀ իշխանություններին, այս համատեքստում կարևոր է նաև Բլինքենի կողմից արված հայտարարությունը, որով նա նշում էր՝ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը։ ՀՀ–ն պետք է հետևողական քայլերի դիմի և կարևորի ԱՄՆ–ի հետ համագործակցությունը»։

Անտինյանի խոսքով՝ ՀՀ–ն պարտավոր է փնտրել նոր դաշնակիցներ, քանի որ կանգնած է ազգային անվտանգության խնդիրների շուրջ։ ՀՀ–ն պետք է գնա դեպի արևմուտք։ Այս դեպքում ինչպես հասկանալ այն հարցը, որ Ադրբեջանը ռազմական աջակցություն է ստանում Ամերիկայից։ Նշենք՝ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ–ն Ադրբեջանին 2024թ. 700 հազար դոլար կտրամադրի ռազմակրթական ծրագրեր իրականացնելու համար, Անտինյանը ընդգծում է՝ ԱՄՆ–ն խոսեց այն մասին, որ դա պետք է Ադրբեջանին պաշտպանվելու Իրանից։ Սա նշանակում է, որ Ամերիկան դիտարկում է նորմալ հարաբերություններ ՀՀ–ի հետ, և չի տեսնում Հայաստանին որպես գործիք՝ Իրանի դեմ պայքարի համար․ «Այն օգնությունը, որ ԱՄՆ–ն կանի ՀՀ–ի համար, դրա քաղաքական ենթատեքստը արժեքավոր է, քան ֆինանսական մոտեցումը, հաշվի առնոլով, որ եթե Ադրբեջանին աջակցում են գումարով ու զենքով, նրան պետք է զսպել։ Այստեղ արդեն հասցեական աջակցություն է պետք ԱՄՆ–ից»,– ասում է Անտինյանը։

«Ադրբեջանը չի համարձակվի գնալ նոր էսկալացիայի՝ դրանով զայրացնելով ԱՄՆ–ին։ Լարվածություն ՀՀ սահմաններին կա, բայց հանրությունը խուճապային չպետք է լինի: Մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ երկրորդ ռազմական ճակատ բացելու միտում չունենք։ ՀՀ–ն պատրաստ է գնալ խաղաղության, ինչն էլ գնահատում է միջազգային հանրությունը»,- նշում է քաղաքագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ