Բնապահպանությունը դարձել է պատվերով համերգ

Մեր օրերում, որոշ շրջանակների համար, քննադատությունը դարձել է «պարապ վախտի խաղալիք»։ Ցանկացած քայլ, գործողություն, ծրագիր՝ միանգամից հայտնվում է որոշ խմբերի քննադատության թիրախում ու հաճախ անհիմն։ Այս անգամ քննադատության առիթը՝ Երևանի կոնտրոնում տեղի ունեցած ծառահատումն էր։ Դեռ պատճառներն ու նպատակը չճշտած՝ քննադատողների բանակը սոցիալական ցանցերում իսկական ցունամի էր բարձրացրել։ Ինչպես հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումից՝ ծառերը կտրվել են, որովհետև դրանք այլևս օգտակար չեն եղել և կարիք է առաջացել հին ծառերի տեղը նոր ծառեր տնկել։

Եթե անկեղծ լինենք, ապա ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող Երևանում այսօր դժվար թե գտնենք նույնիսկ 1000 տարվա պատմություն ունեցող շինություն, բայց կգտնվի 1000 մարդ, որոնք անհասկանալի պատճառով կռիվ կտան իրենց դարն ապրած ծառերի ու թփերի համար։ Իսկ այդպիսի ծառեր Երևանում շատ են։ Մայրաքաղաքի ծառերի հիմնական մասն առնվազն 70 տարվա պատմություն ունի, դրանց մեծ մասը ոչ միայն արդեն չեն ծառայում իրենց նպատակին, այլև ինչ որ առումով խաթարում են քաղաքի տեսքը։ Դրանք սաղարթապատ չեն ու հիմնականում դարձել են ագռավների բույն։

Քաղաքը գեղեցկացնում են ոչ միայն շենքերն ու կառույցները, այլև կանաչ տարածքները։ Երևանը կանաչ տարածքների առումով աղքատ է, հետևաբար այդ տարածքները ոչ միայն պետք է ավելացվեն, այլև եղածներն էլ պետք է խնամվեն ու թարմացվեն, որպեսզի և քաղաքին նորմալ տեսք հաղորդեն և թթվածնի որոշակի պաշար ապահովեն։

Սակայն Հայաստանում ձևավորված վայ-բնապահպանների (խոսքը` բնականաբար ոչ բոլորին է վերաբերում) բանակ կա, որոնք բնապահպան ու կանաչ տարածքի պաշտպան են դառնում ըստ քաղաքական հրահանգի ու պատվերի։

Մի քանի տարի առաջ գրեթե նույն հիստերիան էր բարձրացվել «Երևանի 2800 ամյակի» այգու կառուցապատման դեմ: Երբ որոշվեց, որ այդ այգու՝ արդեն իրենց ժամանակն ապրած ու փչացած ծառերը պետք է կտրել և նոր, ավելի գեղեցիկ ծառեր տնկել ու այգին հիմնովին նորոգել, իսկական ճակատամարտ սկսվեց, այսպես ասած, բնապահպանների ու «ծառապաշտների» հետ։ Այսօր այդ այգին դարձել է Երևանի այցեքարտերից մեկը։ Այգին դարձել է շատերի, այդ թվում նաև այն ժամանակ բողոքողների, ամենասիրված հանգստի վայրերից մեկը։

Երևանում՝ ոչ միայն բնակֆոնդը թարմացման կարիք ունի, այլև կանաչ տարածքներն ու ծառերը։ Ամեն կիսածառի համար կռիվ անելն արդեն ոչ թե բնապահպանություն է, այլ քաղաքական պատվերով համերգ։ Իսկ նման համերգներ կազմակերպելու առումով մեր երկրի «բնապահպանները» հարուստ փորձ ունեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ