«Համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա». Վարչապետը «Գազպրոմ»-ում կրճատումների մասին
Автор:admin
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում տեղի ունեցող կրճատումներին: Հարցին՝ արդյո՞ք այս կերպ խնայողություն է արվում, որ թանկացումներ չլինեն, վարչապետն արձագանքեց.
«Իսկ հնարավո՞ր է՝ այդպես լինի, որ «Գազպրոմ»-ը, այլ հիմնարկներ ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որ համապատասխան չափով ավելի ձայն և լծակներ ստանան: Հնարավո՞ր է, որ այդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները»:
Ճշտող հարցին՝ ունի՞ որևէ նման տեղեկություն, նա պատասխանեց.
«Չէ, չունեմ տեղեկություն: Մի հարց առաջադրենք և փորձենք այդ հարցի պատասխանը գտնել. մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին, և այդ ընկերությունները լինեն ոչ էֆեկտիվ: Համաձա՞յն եք դուք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»: