«Ուղղակի մի խորհուրդ նման դաշնակցականներին. դիմացինին թուրք ասելուց առաջ մի հատ շրջվեն ու տեսնեն, թե թուրքի հետ ովքեր են կողք կողքի կանգնած գործում Հայաստանի շահերի դեմ». Ստյոպա Սաֆարյան

Տարիներ շարունակ թվիթերում բացառապես իմ երկրի արտաքին քաղաքականության, անվտանգային խնդիրների, հմայքի ու գեղեցկության մասին գրառումներ ու լուսանկարներ եմ տեղադրում: Ոչ մի ներքաղաքական հարց: Ինձ հետևողների մեջ էլ շատ լուրջ թիվ են կազմում աշխարհի տարբեր երկրների իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներ, ու գիտեմ, թե ինչ եմ անում…

Այս տարիներին հաջողությամբ ու գործընկերությամբ գործել եմ այլ հայորդիների ու հայուհիների հետ, ում համար պետականությունը վեր է ամեն մի անցողիկ իշխանությունից: Ու մեզ համար երբեք կարևոր չի եղել, թե մեզնից որևէ մեկը ինչ քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ, անգամ աշխարհաքաղաքական նախընտրություններ ունի: Նրանց մեջ եղել են նաև սակավաթիվ սփյուռքահայ դաշնակցականներ…
Վերջին երկու տարում երկու ագրեսիվ, վուլգառ խմբակի մի քանի ներկայացուցիչների ստիպված արգելափակեցի, քանի որ ափսոսում եմ նրանց արձագանքելու ժամանակը: Հարաբերականորեն ինքնուրույն երկու խմբակն էլ ընդդիմադիր են՝ մեկը անտինիկոլի վուլգառ ու անդաստիարակ փեսիստները, մյուսը՝ քոչարյանական ու ՀՅԴ-ական դեմքեր: Թե ինչ էժանագին արշավ էին տանում վերջին տարիներին Հայաստանի դեմ, շատերը գիտեն… Հենց Հայաստանն ու Արցախը որևէ բարդ փուլ էին հաղթահարում, քիչ էր մնում թոկ գտնեին, հրապարակավ կախվեին՝ ինչ է թե իշխանությունը իրենք չեն, իսկ ժողովուրդը մանդատը տվել է Փաշինյանին ու նրա թիմին…

Մեծ լսարանով մի տիկնոջ երկար ժամանակ պահում էի հետևորդների կազմում, ինքս էլ հետևում էի նրան: Ու ինձ քիչ էր հետաքրքրում, որ նա կույր ատելություն ունի Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ: Ամիսներ առաջ, երբ բոլորս Լաչինի միջանցքից էինք գրում, Ալիև քլնգում, դրած կատարյալ անգլերենով հայկական դիրքերի կահավարվոծությունից ու այլ բաներից էր գրառումներ անում: Չդիմացա, ու հասկացրեցի, որ դրա քննարկման տեղը այստեղ չէ, որովհետև դրանից միայն Ալիևն է շահում՝ կարդակով կատարյալ անգլերենով գրված տեղեկությունները Հայաստանի սահմանների պաշտպանվածության ու խոցելի կողմերի մասին: Վրդովվեց, թե մեր մտերմության չափը ինձ թույլ չի տալիս, որ ես նման բաներ գրեմ: Թերևս ոչինչ չէր մնում, քան առանց ավելորդ բառ ասելու այդ դաշնակցականուհու շրջապատից ինձ հեռացնելը, որը նաև նրան էր դուրս դնում իմ շրջապատից:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի վերջին օրերի հայամետ հայտարարություններից ու քայլերից հետո մենք շատերս դրանք տարածում ենք. այլ բան է, երբ մի բան նման հեղինակավոր ու ազդեցիկ պաշտոնյան է ասում աշխարհին, այլ բան է, երբ նույն բանը ասում ենք հայերս: Հիմա այդ ՀՅԴ-ականը դրել է ԵՄ կայքից ինչ-որ բան է պեղել, ամբողջ աշխարհին ու իր 18 հազարանոց լսարանին տեղեկացրել, թե նա մեր վճարովի լոբբիստն է, ասել կուզի’ նրան լուրջ մի ընդունեք, և արդյունքում Ադրբեջանի արտաքին հետախուզության թվիթերյան բոլոր օգտահաշիվները մեր պատերի տակ մեզ հակադարձում են նրանով, երբ Ռազմուսենից որևէ բան ենք տեղադրում….

Ես չգիտեմ, թե սրան ինչ անուն տամ, ուղղակի մի խորհուրդ նման դաշնակցականներին. դիմացինին թուրք ասելուց առաջ մի հատ շրջվեն ու տեսնեն, թե թուրքի հետ ովքեր են կողք կողքի կանգնած գործում Հայաստանի շահերի դեմ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ