117 քաղաքացի ավելի էժան է բնակարան ձեռք բերել, քան Սուրեն Պապիկյանը, իսկ 180 քաղաքացի բնակարան է ձեռք բերել նույն գնով, ինչ Պապիկյանը

Դեռևս օրեր առաջ եղան հրապարակումներ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է գնել, որն այսօր 412 հազար դոլար արժե։ Նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Ընդ որում՝ Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել հիփոթեքային վարկով։

Իսկ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսում հնչեց հարց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Բյուրեղ թաղամասում ձեռք բերած բնակարանի մասին, որը «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը նախարարին վաճառել է իբրև թե շուկայականից ակնհայտ ցածր գնով։

Համաձայն հրապարակումների՝ Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել 69 մլն դրամով, այնինչ բնակարանն այսօր արժե 169 մլն դրամ:

Ի դեպ, ըստ հրապարակումներ և պնդումների, Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել՝ 1 քմ-ի համար վճարելով 1019 դոլար։

Մեզ հաջողվեց կապ հաստատել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ տնօրենի հետ և պարզել մի շարք հարցերի պատասխաններ յոթ բարձրահարկ բնակելի մասնաշենքերից և երկու բիզնես-հասարակական շենքերից բաղկացած «Բյուրեղ» բնակելի թաղամասի մասին։

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից մեզ հայտնեցին, որ`

  • 1) Նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում կա 1300 բնակարան։
  • 2) Շուրջ 117 բնակարան վաճառվել է 1 քմ-ի համար 800-1000 դոլարին համարժեք արժույթով շինարարության իրականացման վաղ փուլերում
  • 3) Շուրջ 180 բնակարան վաճառվել է 1 քմ-ի համար 1000-1100 դոլարին համարժեք արժույթով շինարարության իրականացման վաղ փուլերում

Արդյունքում պարզվում է, որ 117 քաղաքացի ավելի էժան է ձեռք բերել բնակարանքան Սուրեն Պապիկանը, իսկ 297 քաղաքացի ձեռք է բերել բնակարան 1 քմ-ի համար 800-1100 դոլարին համարժեք արժույթով։

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից մեզ նաև հայտնեցին, որ կեղծ են այն պնդումները, թե Սուրեն Պապիկյանը շուկայականից էժան է ձեռք բերել բնակարանը, քանի որ մոտ 300 բնակարան վաճառել են գրեթե նույն գնով։

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից բնակարանների՝ տարբեր ժամանակահատվածներում գնային տատանումները հիմնավորեցին կառուցապատման ոլորտում գործող գնային քաղաքականությամբ. շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գինը սահմանվում է ավելի ցածր, և այն աճում է շինարարության ավարտի ժամկետի մոտենալուն և անշարժ գույքի ավարտվածության աստիճանին համապատասխան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ