Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Իմ շատ սիրելի ընկերներ, ես արդեն ազատության մեջ եմ…
Ոչինչ, ձերբակալվելն էլ է տղամարդու համար…
Չեմ կարողանում պատասխանել բոլորին, շատ նամակներ եմ ստացել…
Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ցուցաբերած ուշադրության համար…
Ամեն ինչ նորմալ է, ես տանն եմ…
Աստված բոլորիդ պահապան…»
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ձերբակալելու հետ կապված:
«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: