Մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը …

Ֆրանսիայի նախագահը, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում:

Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով:

«Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ամենամյա ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ