«Վազգեն Սարգսյանի հետ Գորիսից Երևան էինք վերադառնում.հանկարծ նկատեց…».Հովիկ Չարխչյան

Հովիկ Չարխչյանը գրում է.

Այսօր Վազգենի ծննդյան օրն է:
Վազգեն Սարգսյանի հետ Գորիսից Երևան էինք վերադառնում: Հանկարծ նկատեց, որ ճամփեզրով արագ-արագ քայլում է զինվորական համազգեստ կրող մի մարդ: Զայրացավ.
— Սա զորամնասից դուրս ի՞նչ է անում այստեղ:
Մեքենան կանգնեցրեց, դուռը բացեց ու բարկացած շարժվեց դեպի հետիոտնը.
— Սա ի՞նչ բան է: Ի՞նչ ես անում այստեղ:
Զինվորականը հանկարծակիի եկած պատիվ տվեց ու զեկուցեց.
— Պարոն նախարար, դիրքերում էի: Զանգահարեցին, ասացին, որ տղա եմ ունեցել: Թույլտվություն խնդրեցի ծննդատուն գնալու համար…
Վազգենը միանգամից վերափոխվեց-պայծառացավ: Գրկեց սպային, շնորհավորեց, հետո դարձավ դեպի իր վարորդը.
— Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես, դուրս հանի:
Մեքենայի թափքի վրա դրեցին շիշը, բաժակները, մի քանի խնձոր:
— Դե, աչքդ լույս լինի,- ասաց,- տղայի անունն ի՞նչ ես դնելու:
— Դավիթ:
Բաժակներն իրար խփեցին: Ապա Վազգենը մոտ կանչեց ուղեկցող մեքենայի վարորդին.
— Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ