Տարածաշրջանում սեյսմիկ ֆոնը շարունակում է ակտիվ լինել․ մեզ ուղեկցելու են երկրաշարժերը, բայց կա 3 պատճառ, որը հիմք տալիս ենթադրելու, ինչու է ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ մոտ ժամանակներում բացառվում

Այժմ, երբ դուք կարդում եք «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանի հետ Zarkerak.am-ի զրույցը տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ ներկա իրավիճակի վերաբերյալ, վերջին մի քանի ժամվա ընթացքում՝ 00։00-ից սկսած, տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ՝ մինչև 5 մագնիտուդ հզորությամբ՝ առավելապես Թուրքիայում։ Եթե սրանք մեր երկրում չեն զգացվել, ապա մարտի 1-ին Վրաստանի Դմանիսի քաղաքի մոտակայքում 4 մագնիտուդով երկրաշարժը զգացվեց նաև ՀՀ հյուսիսային մարզերում։

Տարածաշրջանը շարունակում է «ցնցվել» ու այս վիճակը Սերգեյ Նազարեթյանը բնորոշում է որպես ոչ արտառոց և սովորական երևույթ․ «Թե Թուրքիայի տարածքում՝ հատկապես փետրվարի 6-ի երկրաշարժի օջախային գոտում, և թե՛ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերը սեյսմոլոգիական տեսանկյունից բացառիկ իրադարձություններ չեն։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը պիտի ունենա տասնյակ հազարավոր հետցնցումներ, դրանց զգալի մասը պիտի լինեն ուժեղ ցնցումներ, այսինքն՝ զգացվեն մարդկանց կողմից, նորմալ է, ամեն ինչ օրինաչափ է»։

Նազարեթյանի համոզմամբ՝ երկրակեղևը դեռ անհանգիստ է, ուժգին երկրաշարժերի դեպքում սա բնական է․ «Ինձ զարմացնում են այն կարծիքները, որ ասում են Թուրքիայում պիտի հետցնցումային ակտիվությունը կտևի միայն մի քանի շաբաթ։ Սովորաբար նման երկրաշարժերի համար առանձնացնում են ակտիվ ժամանակահատված և պասիվ։ Եթե համեմատելու լինենք Սպիտակի երկրաշարժի հետ, ապա ակտիվ ժամանակահատվածը պիտի մոտավորապես տևի 2 տարի, դեռ նոր՝ մի ամիսն էլ չի անցել, զարմանում ենք, թե ինչու են երկար տևում հետցնցումները»,- ըստ մասնագետի՝ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժի հետցնցումների թիվն արդեն իսկ գերազանցել է 11 հազարը։ Նազարեթյանը նշում է նաև, որ հետցնցումային ակտիվությունը միանշանակ կպահպանվի, քանի որ երկրաշարժի հիպոկենտրոնը բավական խորն է՝ 17-20 կմ, և երկար ժամանակ կպահանջվի, որ այս օջախը լիցքաթափվի։

Եթե Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը և ցնցումները ՀՀ-ում գրեթե չեն զգացվում, ապա հարևան Վրաստանում՝ օրերս տեղի ունեցած երկրաշարժը զգացին Շիրակի, Լոռու, Տավուշի մարզի բնակիչներին։ Այս երկրաշարժը Թուրքիայի երկրաշարժի հետևանք էր ու հետցնցու՞մ, թե՞ ոչ․ «Եթե Թուրքիայում չլիներ Ղահրաման Մարաշի փետրվարի 6-ի երկրաշարժը, տարածաշրջանում, միևնույն է, պիտի պարտադիր երկրաշարժ լիներ, այդ էներգիան «կուտակվել էր»։ Շատ լուրջ մասնագետներ չեն համարում, որ Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում տեղի ունեցող երկրաշարժերը փետրվարի 6-ի երկրաշարժի հետցնցումներն են։ Այս երկրաշարժերի լինելն էլ օրինաչափ է, սովորական սեյսմիկ ֆոն է, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի դեպքում, որտեղ կան ոչ պակաս վտանգավոր երկրաշարժավտանգ գոտիներ»,- Նազարեթյանը նշում է, որ երկրակեղևում տեղի ունեցող բոլոր «իրադարձությունները» միմյանց հետ փոխկապակցված են, բայց կան փոխկապակցվածության տարբեր աստիճաններ, և հենց դա է պատճաը, որ, դիտարկելով տվյալները, գալիս ենք եզրահանգման, որ մեր հարևան երկրների երկրաշարժերը բնական սեյսմիկ ֆոնի արդյունք են և ոչ հետցնցում։

Այնուամենայնիվ, ցանկացած զգացվող ցնցման դեպքում մեր հանրությունը խուճապի է մատնվում, համացանցում տարածվում են տեղեկություններ, որ երկրաշարժի գոտին նեղանում է՝ Թուրքիայից անցնելով Վրաստան, ու նաև ՀՀ հյուսիս, բայց առիթներ կա՞ն նման խոսակցությունների տարածման․ «Վախը բնական է, դրա համար ես բերել եմ մի քանի հիմնական պատճառներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ մոտ ժամանակներում ուժեղ երկրաշարժ ՀՀ տարածքում բացառվում է։ Մեկը, այն հյուսիսանատոլիական բեկվածքը, որի վրա գտնվում է Թուրքիան և որտեղ եղավ երկրաշարժը, չի մտնում մեր երկրի տարածք։ Երկրորդը՝ Թուրքիայում, Իրանում եղել են բազմաթիվ ուժեղ երկրաշարժեր, որոնք մեր տարածքում ուժեղ երկրաշարժ չեն հարուցել, այսինքն՝ նախադեպը չունենք։ Եվ երրորդը՝ մենք չափում ենք ստացիոնար կայաններում երկրաֆիզիկական և այլ դաշտերը, որոնք պիտի ուժեղ երկրաշարժի նախապատրաստման դեպքում ունենան նաև անոմալ փոփոխություններ, այսինքն՝ մեզ համար հիմք ծառայեն, որ մենք ենթադրենք կամ կանխատեսում անենք, դա էլ չկա, այնպես, որ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա»,- Նազարեթյանի խոսքով՝ ինքն էլ դավադրապաշտական տեսություններ շատ է լսում, բայց հավաստիացնում է՝ դրանք գիտական ու փաստական հիմք չունեն և պարզապես գուշակությունների մակարդակի են՝ հաճախ խուճապի մատնելու նպատակով։

Ի՞նչ սպասել տարածաշրջանի համար, մենք և մեր հարևան պետությունները շարունակելու ենք պարբերաբար ցնցվե՞լ․ «Թույլ երկրաշարժեր, նույնիսկ միջին երկրաշարժերը մեր տարածաշրջանին բնորոշ են և պիտի լինեն։ Հիմա մենք չունենք անոմալիաներ, որ ինչ-որ եզրակացություն անենք, որ վտանգ կա։ Իրավիճակն այսպես մնալու է, մեզ ուղեկցելու են երկրաշարժերը»։

Մասնագետը նշում է նաև,որ Թուրքիայի առումով ապագայի սեյսմիկ կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն․ «Թուրքիային սեյսմիկ առումով սպառնացող երկու խոշոր գոտիներ կան՝ մեկը այս Արևելա-անատոլիականն էր, որտեղ եղավ փետրվարի 6-ի Ղահրաման Մարաշի երկրաշարժը, մյուսը Հյուսիս-անատոլիականն է, որը ավելի վտանգավոր է և՛ մագնիտուդի տեսանկյունից, և՛ հատկապես, որ անցնում է Ստամբուլի մոտով։ Թուրքիայում ճիշտ են անում, որ անհանգստանում են»,- նշում է Սերգեյ Նազարեթյանը և հիշեցնում՝ երկրաշարժերի հավանականությունը ուսումնասիրելիս կանխատեսումներ անել հնարավոր է, բայց․ «ոչ մեկը չգիտի, թե, երբ պիտի լինի երկրաշարժը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ