2008 թվականի այս օրը, տեղի ունեցավ մարտիմեկյան արյունալի իրադարձությունները, որի արդյունքում զոհվեց 10 քաղաքացիական անձ։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Զորհուրելի դեպքից անցել է 15 տարի։
Թիվ 1-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության անդամ, մարտիմեկյան իրադարձությունների ականատես՝ Լյովա Եղիազարյանն է։
-Մարտի 1-ից 15 տարի է անցել, ի՞նչ եք հիշում հիմա, զգացողություններն ինչպիսի՞նն են։
-Զգացողությունները տխուր են, բայց փառք Աստծո, որ մենք ազատվեցինք մարդակերների իշխանությունից, և կա հավատ, որ այլևս մարտի 1 չի կրկնվի այս երկրում։
-Ի՞նչ եք հիշում մարտի 1-ից։
-Ես մարտի մեկի գիշերը այնտեղ չէի, եկել էի տուն՝ երեք օրյա հերթապահությունից հետո, մի փոքր հանգստանալու ու նորից վերադառնալու Ազատության հրապարակ, մտա տուն ու զանգ եկավ, ասեցին՝ սպանում ու ծեծում են ժողովրդին։ Իջա ներքև, Պռոսպեկտում տեսա՝ վիրավոր ու արյունոտ դեմքեր։ Մենք առավոտ շուտ 10-15 հոգով գնացինք Մյասնիկյանի արձանի մոտ, սպասեցինք մինչև ժողովուրդը կգա։ Ահավոր օրեր էին։ Հիշելու բան էլ չի, որ հիշես, լավ բաները պիտի հիշես կյանքում։ Վայրագությունները, գազանությունները, ղարաբաղյան ակցենտը մինչև հիմա ականջներիս մեջ է։
-Ինչպե՞ս սկսվեց մարտի մեկյան պայքարը։
-Փետրվարի 19-ին նախագահի ընտրություններն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր թեկնածություն դրել, որին և պաշտպանում էինք մենք՝ 4 ուժերովս՝ «Հանրապետություն», «Ժողովրդական», «Իմպիչմենտ» և «ՀՀՇ» կուսակցությունները։ Մենք պայքրում էինք, որ նորմալ ընտրություն լինի, բայց ընտրություններն անցան խայտառակ ձևով և առավոտյան հսկայական ժողովուրդ հավաքվեց Մատենադարանի մոտ, իսկ հաջորդ օրն արդեն տեղափոխվեցինք Ազատության հրապարակ։ 9 օր այնտեղ էինք, գիշեր-ցերեկ ժողովուրդն այնտեղ էր, մեր բողոքի ձայնն էինք բարձրացնում, առանց որևէ մեկին խանգարելու, բայց դե քանի որ բորենին մնում է բորենի, բնականաբար նա մեզ պետք է խփեր։ Նաև ինչը շատ զայրացրեց նրանց՝ փետրվարի 26-ին միտինգ կար, մեկը՝ Ազատության, մյուսը՝ Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանն էր կազմակերպել և ժողովուրդը, որոնց որ բերել էին շրջաններից, եկան միացան մեզ և Սերժը մնաց դատարկ հրապարակում՝ մի քանի հոգով և այդ օրը հասակացան, որ իրենց իշխանության վերջն է եկել։ Եվ մարտի 1-ին կազմակերպեցին սպանդը։
Մահացածների մեջ էր նաև իմ ընկերոջ տղան էր՝ Տիգրանը Խաչատրյանը և երբ ասում են 10 զոհ, դա առնվազն 10 զոհ, որովհետև, երբ գնացել էինք Տիգրանին դիահերձարանից բերելու, ես պահակին հարցրի, թե քանի՞ մարդ են բերել գիշերը, ասեց 7 մարդ, եթե մի դիահերձարանում բերում են 10-ից 7 դիակ, նշանակում է շատ ավելին է եղել։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ ԱՄՆ-ից հայտարարեցին, որ 50-60 հոգի զոհ կա։
-Դուք նշեցիք, որ 10 զոհից ավելի է մահացածների թիվը, հղում անելով նաև ԱՄՆ-ին նշում եք 60 զոհի մասին, 15 տարի անց, ըստ էության մենք մարտի 1-ի գործով ի՞նչ ունենք։ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ իր ելույթում նշեց, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։
-Ես էլ եմ կարծում, որ մարտի 1-ը բացահայտված է, ինչպես հոկտեմբերի 27-ը, ուղղակի այդ հանցագործները կան այսօր, մեր կողքին են և քաղաքականությամբ են զբաղվում և ուզում են նորից վերադառնալ իշխանության։ Իրավական դաշտում, հիմա է, որ կամաց-կամաց մաքրվում է ոլորտը և ես հույս ունեմ, որ գործը վերաբացվելու է։ —
Սահմանադրական դատարանը կարողացավ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ Քոչարյան Ռոբերտին արդարացնել, բայց կա որոշակի գործիքակազմ, որ Վճռաբեկ դատարանը կարող է հնարավորություն տալ՝ Դատախազությունը բողոքարկի Սահմանադրական դատարանի դիմումը։ Ես համոզված եմ և շարունակում եմ պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվի, այլ տարբերակ չկա։
-Այսինքն, ըստ Ձեզ մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտումը կապված է դատական իշխանության ներկայացուցիչների հետ, որոնք նախկինում կաշկանդվածություն են ունցել, իսկ հիմա՝ Աննա Վարդապետյանի հետ կապված հույսեր կա՞ն։
-Իհարկե։ Ես հույս ունեմ, որ Դատախազությունը կվերաբացի և պատասխանատվության կենթարկի մարտի 1-ի գործով մեղավորներին։ Ես Աստծուն ամեն օր աղոթում եմ՝ ինձ երկար կյանք տա, որ ես կալանավորված տեսնեմ Քոչարյանին և իր ոհմակին։