Հայկ Ստեփանյանը գրում է.
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել հրապարակային խոսել 2008 թվականի մարտի 1֊ի իրադարձությունների մասին, որի անմիջական մասնակիցն եմ եղել, իրադարձությունների հենց թատերաբեմում։
Այսօր կօգտագործեմ օրվա խորհուրդը և գուցե չհանրայնացված մանրամասներից կհայտնեմ։
Այսօր Վարչապետը իր խոսքում նշեց, որ մարտի 1֊ից հետո փոխվել են պարկուճները։ Հավելեմ, որ Մարտի 1֊ից հետո ոչ միայն պարկուճներն են փոխվել, այլ մարտի 2֊ին կամ 3֊ին իմ աչքի առաջ զորամասից հանվել են նաև ինքնաձիգները, որոնք կրակել էին Մարտի 1֊ին։
Դրանից հետո օրվա իշխանությունները տեսանյութեր հրապարակեցին, թե իբր ինքնաձիգների փամփուշտները եղել են ուսումնական (դատարկ), ցույց տալով կադրեր, որտեղ ինքնաձիգի կրակմարիչ֊կոմպենսատորները (пламягоситель) իբրև ուսումնական են եղել, հետևաբար փամփուշտները դատարկ։
Այդ հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ և ես պնդում եմ, որ ինքնաձիգները եղել են մարտական, մարտական փամփուշտներով, իսկ տեսանյութերը մոնտաժված։
«Մարտի 1֊ից» հետո մինչ օրս ես շարունակում եմ պայքարս հանուն արդարության։ Հանուն իմ 18 ամյա զինակից ընկեր Տիգրան Աբգարյանի հիշատակի, ում սպանության հանգամանքները աղավաղվել էին, իսկ Տիգրանը 40 օր մնալով հիվանդանոցում ծանր վիրավորումով այդպես էլ պատշաճ բուժօգնություն չստացավ։ Նրան ուղղակի պալատում էին պարկացրել թողնելով, որ մեռնի։
Ցավում եմ, որ մինչ օրս մեղավորները չեն պատժվել, իսկ Տիգրանի վրա կրակողը չի հայտնաբերվել։ Նրա մայրը ցավոք այդպես էլ չիմացավ, թե ո՞վ զրկեց կյանքից իր որդուն` 18 ամյա զինվորին Երևանի կենտրոնում։ Ցավոք նա մահացավ այդպես էլ չտեսնելով մեղավորի պատիժը։
Կանխատեսելով Ձեր հարցը, թե արդյոք հայտնել եմ Մարտի 1֊ի ինձ հայտնի տեղեկություններ մասին վարույթն իրականացնող մարմնին` կպատասխանեմ, որ Այո՜ հայտնել եմ, մի բան էլ ավելին… այդ պատճառով էլ չեմ կարող լրիվ մանրամասները հիմա հանրային հրապարակել։
Վառ պահենք անմեղ զոհերի հիշատակը…