Armeniasputnik-գրում է.
Սոցցանցերի հայկական և ռուսական հարթակներում քննարկման թեմա է դարձել Կալուգայի մարզի Մոլյարոսլավեց քաղաքում բնակվող հայ երիտասարդի հերոսական արարքը․ Գրիշա Պետրոսյանը թոշակառուի է փրկել։
Ավելի վաղ «Նեդելյա Օբնինսկա» թերթը գրել էր այս դեպքի մասին։ 68 տարեկան թոշակառուն քաղաքում զբոսնելիս է եղել, երբ նրան մոտեցել է մոտ 25 տարեկան երիտասարդ` ոչ սթափ վիճակում։ Սկսել է գոռգոռալ, հետո հրել է թոշակառուին։ Տարեց տղամարդը փորձել է հանգստացնել նրան, բայց անծանոթը երեք անգամ դանակով հարվածել է ծերունուն։
Այդ տարածքում գտնվող վարսավիրանոցի աշխատակից Գրիշա Պետրոսյանը հենց այդ պահին դուրս է եկել ծխելու, տեսել է , որ ինչ–որ կանայք փորձում են խանգարել չարագործին։ Լսելով օգնության ճիչերը՝ Գրիշա Պետրոսյանը մոտեցել ու հարցրել է՝ ով է սա արել։ Դանակահարողը հարձակվել է նաև նրա վրա, իսկ հետո փորձել է թաքնվել։ Գրիշա Պետրոսյանը հանել է բաճկոնն ու վազել հետևից։ Երբ հասել է չարագործին, կռիվ է սկսվել, ու Գրիշան ստիպված է եղել կիրառել բռնցքամարտիկի ունակությունները (նա մի քանի տարի զբաղվել է մարտարվեստով)։
Շուտով դեպքի վայր են հասել իրավապահներն ու ձերբակալել չարագործին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ» հոդվածով։ Տուժած թոշակառուին հիվանդանոց են տեղափոխել ու վիրահատել, տարեց տղամարդու վիճակը ծանր է։
Ականատեսների կարծիքով` եթե չլիներ Գրիշա Պետրոսյանը, թոշակառուի կյանքը չէր հաջողվի փրկել։ Գրիշան իրեն հերոս չի համարում։ Թերթը գրում է, որ իշխանությունը Գրիշա Պետրոսյանին հաստատ կպարգևատրի մեդալով ու դիպլոմով։
Աղբյուրը` armeniasputnik.am