Armlur-ը գրում է.
ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, նախկին իշխանություններից հանձնարարական է ստացել սոցիալական ցանցերում ակտիվ խոսել Սերժ Սարգսյանի վերադարձի մասին ու անընդհատ քննադատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահան Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակներս Դուք շատ ակտիվ քարոզում եք Սերժ Սարգսյանի վերադարձը, սոցիալական ցանցերում հայտարարում եք, որ նրա վերադարձը քաղաքականություն այս պահին օրհասական է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դա, ու ի՞նչ պետք է անի Ս. Սարգսյանը, որ հանրությունը նրան ընդունի:
-Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք Սերժ Սարգսյանին: Ես կարող եմ իմ մասով պատասխանել, իսկ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի վերադարձը եթե ոչ այսօր, ապա մի քանի ամիս հետո ակնհայտ է լինելու, ու գնալով մարդկանց քանակն ավելանում է, ովքեր համաձայն են նման մտքի հետ: Գրեթե մեկ տարի անց արդեն շատերն են հասկանում, որ Սերժ Սարգսյանի վերադարձի կարիքը կա մեծ քաղաքականություն: Ես կողմնակիցն եմ Սերժ Սարգսյանի` քաղաքականություն վերադարձին:
-Բայց ի՞նչն է Ձեզ ոգեւորել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունում, որ Դուք այդպիսի ցանկություն ունեք:
-Ոգեւորվելու կամ հիասթափվելու հարցեր չկան, մենք էմոցիոնալ դաշտից դուրս պետք է նայենք: Եթե մենք նայում ենք այսօրվա իրականությունը, ապա տեսնում ենք, որ կա հետընթաց եւ ոչ թե առաջընթաց: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը քայլ էր, որպեսզի ցույց տրվեր, որ իրականում Սերժ Սարգսյանը կառչած չի աթոռին եւ ամեն գնով իր աթոռը պահելու խնդիր չունի, այլ, ընդհակառակը, ինքը գնաց ընդառաջ մարդկանց ցանկությանը եւ հրաժարվեց երկրի ղեկավարի պաշտոնից: Սակայն մեկ տարի անց երկրի իշխանությունները բացի նախկին իշխանություններին քննադատելուց որեւէ բարեփոխում չեն իրականացնում` սկսած տնտեսությունից, վերջացրած արտաքին եւ ներքին քաղաքականությունից:
աղբյուրը՝ armlur.am