«Սա Երևանն է և վե՞րջ». Նաիրա Զոհրաբյանը զայրացել է

 

Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում աղբով լի աղբամանների լուսանկար է հրապարակել և մակագրել «Սա Երևանն է և վե՞րջ»: Նրա խոսքով` ինքը` որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, շարունակում է ամեն օր նամակներ և «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաղաքի վերածվելու վերաբերյալ:

«Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս «աղբավանդալիզմը» Երևանի ամբողջ տարածքում է: Վիճակը, բնականաբար, աղետալի է և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հինգ ավագանիով փորձում է և կփորձի իր հնարավորությունների սահմաններում անել առավելագունը: Նորից եմ նշում՝ ձեր քվեով տված սակավ հնարավորությունների սահմաններում։ Որորհետև, իմ շատ սիրելի երևանցիներ, դու մեզ որոշում կայացնելու և այն իրացնելու քվե չեք տվել։

Բայց, իմ շատ սիրելի հայրենակիցներ, եթե դեմ չեք, մի փոքր դիտարկում. այն, ինչ կատարվում է Երևանում, ես տեսնում եմ ամեն օր, բայց չգիտես ինչու, ինձ համառորեն թվում է, որ այս լուսանկարները դուք պետք է ուղարկեք ոչ թե ինձ և պահանջեք րոպե առաջ, օր առաջ լուծում գտնել ստեղծված աղետալի վիճակին, հատկապես, որ եղանակները տաքանում են և մեծ վտանգ կա համաճարակի, այլ մի փոքր այլ հասցեով պիտի ուղարկեք ՝ Երևանի քաղաքապետին:

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, չնայած չեմ կարծում, որ որևէ մեկը դրա մասին մոռացել է, որ Երևանի ավագանու ընտրության ժամանակ մեր հպարտ հայրենակիցները ձայների 81 տոկոսով իրենց վստահությունը տվեցին Երևանի գործող քաղաքապետին: Այդուհանդերձ, ես որպես պատգամավոր և մեր ավագանիները, որպես Երևանի ավագանու ներկայացուցիչներ, մեր լիազորությունների սահմաններում կանենք առավելագույնը։ Լիազորություն, որը ձեր ընտրությամբ սահմանափակել եք հենց դուք։

Իսկ հարցի լուծման արժանապատիվ տարբերակ ժամանակին «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկում էր. կառուցել աղբի վերամշակման գործարան, որի պայմանագիրը միջազգային հեղինակավոր գործընկերոջ հետ կնքված էր: Դուք մերժեցիք մաքուր և կանաչ մայրաքաղաք ունենալու մեր առաջարկը։

Այդուհանդերձ, մենք կրկին պատրաստ ենք համատեղ քննարկումների և Երևանը աղբի զոնա դառնալուց փրկելու լուծումներ գտնելու»,- գրել է Զոհրաբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ