Սև հինայով արված ժամանակավոր դաջվածքները կարող են վտանգավոր լինել:
7-ամյա Մեդիսոն Գուլիվերը եղբոր՝ Սեբաստիանի հետ հանգստանում էր Եգիպտոսում: Նրանց մայրը հիվանդացել էր, և երեխաները նրա հետ գնացել էին հիվանդանոց: Լավ պահվածքի համար նրանց հայրը խոստացածի համաձայն մոտակա սրահում հինայով ժամանակավոր դաջվածք պատվիրեց երեխաների համար: Սեբաստիանը իսկույն վատ զգաց իրեն, և նրա դաջվածքը արագ մաքրեցին: Մեդիսոնը դաջվածքով վերադարձավ Անգլիա:
Տուն վերադառնալուց հետո միայն նա սկսեց բողոքել, որ դաջվածքը քոր է գալիս: Երբ փորձեցին մաքրել նկարը, այն վերածվեց այրվածքից առաջացած փուչիկների:
Աղջկա հայրը պատմում է, որ դրանից հետո ինքը սկսեց հետաքրքրվել համացանցում, թե ինչ հետևանք կարող է թողնել սև հինայով դաջվածքը, և բազմաթիվ վտանգների մասին տեղեկացավ:
Հայրը մեղադրում է ինքն իրեն, որ մինչ այդ չէր իմացել այդ վտանգների մասին, բայց նաև մեղադրում է սրահի աշխատակիցներին, որոնք վտանգում են երեխաների առողջությունը:
Աղջկան տեղափոխեցին այրվածքների բաժանմունք: Հայրը պատմում է, որ հիվանդանոցում, ծանոթ չլինելով նման դեպքի, փորձում էին տարբեր բուժումներ անել, դրանից աղջկա վիճակը գնալով վատանում էր:
Այրվածքի փուչիկների մեջ հայտնաբերվեց պարաֆենիլենդիամին քիմիական նյութը, որը ավելացվում է հինային, որպեսզի դաջվածքը ավելի մուգ ստացվի:
Որպեսզի այդ վտանգավոր նյութը հեռացնեին աղջկա մաշկից, բժիշկները որոշեցին նախ հեռացնել այրվածքից առաջացած բոլոր փուչիկները, իսկ դա կնշանակեր, որ աղջկա ձեռքին կարող էին սպիներ մնալ:
Մեդիսոնը այնուամենայնիվ քաջաբար դիմացավ վիրահատական միջամտությանը, և խնդիրը լուծվեց:
Հուրգադեի հյուրանոցը ներողություն էր խնդրել միջադեպի համար և հայտնել, որ երեխաներին այլևս դաջվածքներ չեն անում: