«Գլուխները պատին են տվել, ուժեղ մարդուց վախենում են».Սարգսյանը՝ Թորոսյանի հնարավոր կալամավորման մասին

«Տրամաբանորեն նորմալ է, երբ որ սկսում են ուսումնասիրել պետական միջոցները, բայց չեմ կարծում, որ այդտեղ կհայտնաբերվեն չարաշահումներ, որոնք կլինեն ապացուցելի, որովհետեւ չկա չարաշահում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս եղել ենք երկու տարի շարունակ ֆորս մաժորի մեջ, ոչ միայն Հայաստանն, այլև՝ ամբողջ աշխարհը և ընթացիկ փոփոխությունները կարող էին լինել ինչպես ժամը մեկ, այնպես էլ օրերի ընթացքում։ Կարծում եմ, որ ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ կլինի, որ որեւէ չարաշահում չկա»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Աշոտ Սարգսյանն, անդրադառնալով Կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեց կառույցի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա նախաձեռնվել է մի քանի քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ»,- ասաց Օհանջանյանը, հավելելով, որ քրեական վարույթների շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Մեր տեղեկություններով խոսքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր։

Օրեր առաջ էլ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ կգա ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։ Նույն տեղեկությունների համաձայն խոսքը Արսեն Թորոսյանին է վերաբերերում։

Գլխավոր դատախազությունից Irakanum.am-ին փոխանցեցին, որ հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն չունեն։

Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Աշոտ Սարգսյանը (Թորոսյանի նախարար եղած ժամանակ է Աշոտ Սարգսյանը զբաղեցրել այդ պաշտոնը), անդրադառնալով այդ հրապարակումներին ասաց․ «Ես չգիտեմ, ովքեր և ինչու են նման հրապարակումներ անում, բայց ես կարող եմ ձեզ վստահաբար ասել, որ գլուխները պատին են տվել, որովհետեւ Արսեն Թորոսյանը չեմ կարծում, որ որևէ խախտում է արել, որ պետք է դիմեն դատախազություն, կամ չգիտեմ ուր»։ Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունները ցույց կտան, որ որեւէ չարաշահում տեղի չի ունեցել։ «Իարկե չի կարող մանր թերություններ չլինեն, նման գլոբալ ծավալի աշխատանքի մեջ։ Էս ամեն ինչը որ արվում է այսպես ասեմ՝ ուժեղ մարդկանցից վախենում են ու ովքեր, որ նման հոդվածներ են պատվիրում, խոսում է նրանց վախի մասին»,- ասաց Սարգսյանը։ Դիտարկմանը, թե ուժեղ ասելով նկատի ունե՞ք Արսեն Թորոսյանին, նախկին խորհրդականը դրական պատասխան տվեց, արձագանքելով մեր այն հարցին, թե այդ ինչով է ուժեղ Արսեն Թորոսյանը։ «Միայն մասնագիտականով հեռու չգնանք։ Երկու տարվա ընթացքում Առողջապահության նախարարության գործունեությունը եթե ուսումնասիրեք՝ 2018-2021 թվականների արվել է ավելի շատ բարեփոխումներ, քան երեսուն տարվա ընթացքում»,- ասաց նա։

Աշոտ Սարգսյանը պնդեց, որ Արսեն Թորոսյանը մտաոգվելու առիթ չունի։ Նման առիթ չունի նաև ինքը։ «Նույնիսկ եթե խոսակցությունների մակարդակով նման բան կա, դա կարող է լինել ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանք, որոշ բաներ հաշվի չառնելով, օրինակ՝ ֆորս մաժորը»,- եզրափակեց Աշոտ Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ