Հանրապետության հրապարակի հանճարեղ ճարտարապետական լուծումները անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մտքի թռիչքն են:
Առավել ընդգրկուն պատկերացում կազմելու և թամանյանական ուրույն ոճին ծանոթանալու համար առնվազն անհրաժեշտ կլինի վերից հայացք նետել հրապարակի խճանկարային գորգին: Ճարտարապետը այդպես էլ նախագծել էր՝ հրապարակի օվալը վերից պետք է ունենա ավանդական գորգի տեսք:
Հրապարակի յոթ շատրվանները ոչ միայն երևանյան տոթ երեկոները զովացնելու, այլ նաև բազմաթիվ սիրահար զույգերի հանդիպման վայր են:
Հրապարակը առավել մարդաշատ է երեկոյան ժամերին, երբ ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո մարդիկ նախընտրում են իրենց ընտանեկան հանգիստը վայելել այստեղ: Հրապարակ այցելելու լավագույն ժամանակահատվածը սկսվում է վաղ գարնանը և ավարտվում ուշ աշնանը: Դա լավագույն ժամանակն է ունկնդրելու շատրվանների գունային խաղը դասական, փոփ, ռոք և ժամանակակից ջազի ակորդների զուգակցությամբ: