«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 5-ին գրել էր, որ Չեխիայում կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը: Նիստը հրավիրվել է մեկ նպատակով՝ քննարկել Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը:
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` Չեխիայի իրավապահները կասեցրել են նրա արտահանձնման հարցով գործի քննությունը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ Երեւանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել: 2018թ. հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանին, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի համաձայն, մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար:
2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Եվ, ահա, 3 ամիս անց Չեխիայում կայացել է Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 4-ին` հերթական դատական նիստի ժամանակ, Պրահայի իրավապահները արձանագրել են, որ Նարեկ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ իրեն Պրահայի քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն Պրահայի փախստականների ճամբար:
Ն. Սարգսյանի դիմումը չի մերժվել, եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար:
ամբողջական հոդվածը՝ armlur.am