Մարտական հերթապահություն իրացնող զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով զինծառայողների ատեստավորման հարցին, ասաց՝ ատեստավորումն իրականացվում է իր հրամանով ստեղծված 5 կենտրոնում և 10 հանձնաժողովների միջոցով:

«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է 50 հարցից, ատեստավորման 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները կատեստավորվեն: Զինծառայողները 3 ամիս ժամանակ կունենան պատրաստվելու դրան և տարին 2 անգամ հնարավորություն կունենան կրկին փորձել ատեստավորվել: Բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 3 տարում»,- մանրամասնեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Ըստ նախարարի՝ ատեստավորման արդյունքում կբարձրանան զինծառայողների աշխատավարձերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով էլ՝ ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն մարդիկ, որոնք կրում են զինվորական համազգեստ, համապատասխանում են շատ կոնկրետ չափանիշների, և դա էլ պետք է համարվի ծառայության չափանիշի վկայություն:

«Սա մենք մի գործողությամբ չենք իրականացնի: Մենք պայմանավորվել ենք նաև, որ ատեստավորման գործընթացում կներգրավվեն այլ գերատեսչությունների կամ գուցե կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի մենք ևս վստահ լինենք՝ այն որակական չափանիշները, որոնք սահմանել ենք, պահպանվում են: Նշեմ, որ աշխատավարձի բարձրացումից կհատկացվի նաև առողջապահական ապահովագրությանը: Առողջապահության ապահովագրումը ոչ թե գումարի, այլ որակի մասին է: Մենք հնարավորություն ենք տալու նաև կանանց կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են անցնել պայմանագրայինի: Հավանաբար մինչև գալիք ձմեռային զորակոչ դրա հնարավորությունը հասանելի կլինի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ