«Դուք ավելի լավ է հումորային ակումբ հիմնեիք, քան քաղաքական միավոր». Հովհաննիսյանը՝ «Հայաստան» դաշինքին

«Բոլորիս աչքի առաջ նույն նարատիվները և նույն խոսույթն է օգտագործվում խորհրդարանական ընդդիմության կողմից, ինչն օգտագործվում էր օրինակ՝ այս խորհրդարանական ընտրություններից առաջ: Հիմա «Հայաստան» դաշինքը եկել է այստեղ և խոսում է ՔՊ խմբակցության, Կառավարության ծրագրերի, տրված խոստումների, այս պահին տեղի ունեցող գործողությունների և ծրագրերի հակասությունների մասին: Հետաքրքիրն այն է, որ դրա մասին խոսում է այն դաշինքը, որը չկա, «Հայաստան» դաշինք չկա, կա միայն Հայաստան անունը, որով նրանք փորձում են քողարկել իրենց հակահայաստանյան գործունեությունը: Սա է ողջ ճշմարտությունը, հետևաբար նրանց կողմից հնչող այդ մեղադրանքներն առավել քան ծիծաղելի են»,- այս մասին այսօրվա ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը խոսեց ժողովրդի հետ անկեղծ լինելու մասին. «ՔՊ խմբակցությունը պատերազմից հետո իր քաղաքացիների հետ բոլոր զրույցներում խոսել է խաղաղությունից և մենք քաղաքացիական պայմանագիր ենք կնքել մեր ժողովրդի հետ, ստացել ենք նրանց վստահության քվեն՝ ՀՀ-ն դեպի խաղաղություն և անվտանգություն առաջնորդելու համար, և մենք չենք շեղվել և երբեք չենք շեղվելու այդ ճանապարհից, որքան էլ, որ որոշ արկածախնդիրներ փորձեն դա անել: Խոսում են Արցախի շահերի սպասարկման մասին, իսկ դո՛ւք, դո՛ւք Արցախի շահերը սպասարկում եք դրոշներով, որոնք դատարկ թողնում հեռանում եք, սպասարկում եք Երևանում անիմաստ դեգերելով, ինչո՞վ եք դուք Արցախի շահերը սպասարկում, մեկ էլ ձեր հայտարարության տեքստերն էր երևի սպասարկում Արցախի և Հայաստանի շահերը, որտեղ անընդհատ բերում-մտցնում եք ներքաղաքական խնդիրներ և հետո ասում եք տեսեք ՔՊ-ն չընդունեց:

Սիրելի քաղաքացիներ, գալիս են ու այս ամբիոնից ձեզ ասում են, որ մենք վատացրել ենք հարաբերությունները բոլոր երկրների հետ, սրանից ծիծաղելի բան ես չգիտեմ՝ ոնց կարելի է մտածել, դուք ավելի լավ է հումորային ակումբ հիմնեիք, քան քաղաքական միավոր: ՌԴ-ի հետ մենք վարում ենք արժանապատիվ գործընկերային, ռազմավարական քաղաքականություն և բոլոր մեր գործընկերների հետ ենք մենք վարում արժանապատիվ քաղաքականություն, մեր երկրի դեսպանները երբեք չեն «կզելու» որևէ այլ երկրում: ԵՄ դիտորդական առաքելությունը բերում եք ու հակադրում եք ՀԱՊԿ-ին, սա լրիվ աբսուրդ է: Դիտորդական առաքելությունը գալիս է դիտորդական առաքելություն իրականացնելու և արձանագրելու այն իրավիճակը, որը կա ՀՀ սահմաններին: Մեր առաքելությունն է՝ որպես ՀՀ իշխանություն սպասարկել ՀՀ-ի շահերը: Մենք նկատի ունենք Արցախն էլ, Արցախի մեր ժողովրդին էլ, երբ ասում ենք ՀՀ-ի շահեր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ