Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 000-ը

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը: Թուրքիայում զոհվել է 12 400-ից ավելի մարդ, վիրավորների թիվը հատել է 63 000-ը՝ հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների հարցերով մարմինը: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 3000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը: Դեռևս արձանագրվում են հետցնցումներ: Լրատվամիջոցների տվյալով՝ երկրաշարժ է արձանագրվել Մուշ և Էրզրում քաղաքներում, ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ երկրաշարժի պատճառով տուժել է շուրջ 23 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,4 միլիոն երեխա։ Կարմիր խաչից էլ մտահոգություն են հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակների տակ ավելի շատ մարդ կարող է մնալ, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական անհրաժեշտ տեխնիկայի բացակայությամբ:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ շուրջ 90 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ը, Հայաստանը, Ուկրաինան, Իրանը, Հունաստանը, օգնություն են առաջարկել երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը գործակցում է թուրքական իշխանությունների հետ, հիշեցրել է՝ Հունաստանն առաջիններից էր, որ պատրաստակամություն հայտնեց օգնելու բարեկամ Թուրքիային։ «Այսօր հակամարտությունների ժամանակը չէ։ Հարկավոր է փրկել փլատակների տակ մնացած մարդկանց»,- ընդգծել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ