«Հայաստանի մեկնված ձեռքը կարող է սկիզբ դնել Հայաստանի և Թուրքիայի միջև անկեղծ խոսակցության». Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, որ այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, ավերիչ և աղետալի երկրաշարժի վերաբերյալ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները Թուրքիայի և Սիրիայի նախագահների հետ չափազանց կարևոր է համարում:

Նա նշել է, որ «Հանուն հանրապետության» կուսակցությունը հիմնադրման առաջին օրից հանդես է եկել հարևանների, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման օգտին:

«Ավելին՝ մենք հավատում ենք, որ, չնայած պատմական եղերական անցյալին, ինքնիշխան Հայաստանի հարատևությունը կախված է հարևան Թուրքիայի հետ հաստատվելիք հարաբերությունների որակից և խորքայնությունից: Առանց չափազանցության, Հայաստանի և Արևմուտքի միջև հաստատված հարաբերությունների հեռանկարայնությունը և արդյունավետությունը կախված է լինելու նրանից, թե որքան խիզախություն, կամք, սթափ պետականակեն մտածողություն հանդես կբերի Երևանը Անկարայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին: Երկրաշարժի՝ այս արհավիրքի առթիվ Հայաստանի մեկնված ձեռքը կարող է սկիզբ դնել Հայաստանի և Թուրքիայի միջև անկեղծ խոսակցության:

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը այդ ջանքերի կողքին է՝ չնայած գործընթացին ուղեկցող աղմուկին և շատ որոշակի նպատակ հետապնդող արտաքին և ներքին հակառակորդների հակապետական քայլերին և ջանքերին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ