Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին և այսօր Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ձյան առատ տեղումներ են:
Հավանաբար հաշվի առնելով, որ տեղումներ են կանխատեսվել նաև առաջիկա օրերին, հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Լեռներում գոնե 2 մ ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում»:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. «Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում ձյան տեղումները կլինեն ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
Արարատյան դաշտում և Երևանում փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ու առավոտյան սպասվում է ձյուն, փետրվարի 6-ի ցերեկը և 7-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։
Փետրվարի 8-ից սկսած ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա»: