Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, թող պրոբլեմը իր մեջ փնտրի. Սամսոնյանը՝ «Էրիվան» պրոդուկտի շուրջ քննարկումների մասին

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ծանոթներից մեկն ուղարկել է «ԲիԷլլա» մսամթերքի «Էրիվան» անվանումով պրոդուկտը և զայրացած ասել՝ «Տես ուր ենք հասել»:

«Պարզվեց՝ այս թեման նաև դարձել է «Ֆեյսբուք»-ի և մեդիայի քննարկման առարկան:

Ուրեմն արդեն քանի տարի է՝ Երևանի կենտրոնում գործում է «Հին Էրիվան» ռեստորանը, գործում է «Հին Էրիվան» պանդոկը, արտադրվում է «Էրիվան» կոնյակը, որից օգտվել են հարյուրհազարավոր մարդիկ, և վստահ եմ՝ նաև նրանք, ովքեր այսօր շուխուր են անում այս թեմայի և «Էրիվան» բառի շուրջ:

Բայց սա հերթական դատարկ առիթն է՝ Հայաստանի «թրքացման» թեզերի փաստեր ներկայացնելու և մարդկանց ուղեղը լվացելու համար:

«Էրիվան» անվանումը Երևանի հին անվանումներից մեկն է: Եթե կան մարդիկ, ովքեր դողէրոցքի մեջ են ընկնում սեփական պատմությունից (կապ չունի՝ ում հետ է կապված այդ պատմությունը), ուրեմն չգիտեն այդ պատմությունը և խորը բարդույթներ ունեն սեփական էթնոսի պատմության հետ:

Դադար տվեք, դուք սրանով ազգի աչքերը չեք բացում, այլ հակառակը՝ փչացնում եք առանց այդ էլ խնդիրներ ունեցող էթնոսի հոգեբանությունը:

Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, ապա թող պրոբլեմը իր մեջ փնտրի, եթե վստահ չի իր հայ լինելու մեջ»,- գրել է Սամսոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ